Սպիտակ տանը, ավանդույթի համաձայն, նշել են Հելոուինը, ինչի կապակցությամբ նախագահ և առաջին տիկին Ջո և Ջիլ Բայդենները հյուրընկալել են վարչակազմի ներկայացուցիչներին և նրանց երեխաներին՝ փոքրիկներին նվիրելով քաղցրավենիք, գրքեր, ինչպես նաև նրանց համար հեքիաթներ կարդալով, գրում է Daily Mail-ը:
Մինչդեռ ՏԱՍՍ-ը նկատում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի երկու երեխաները ներկայացել են «ուկրաինական թեմատիկայով» հագնված: Նրա որդին կրել է խակի սվիտեր և տաբատ՝ նման այն հագուստին, որը հաճախ է կրում Ուկրաինայի նախագահ Զելենսկին, իսկ կրծքին ամրացված է եղել Ուկրաինայի և ԱՄՆ դրոշներով կրծքանշան։
Պետքարտուղարի դուստրը հագել է կապույտ զգեստ՝ դեղին շարֆով, որը հիշեցնում է Ուկրաինայի դրոշի գույները։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն X սոցիալական ցանցում գրել է, որ պետքարտուղարի երեխաները տոնին եկել են «նախագահ Զելենսկու հագուստով և Ուկրաինայի դրոշով»: Նա սրա համար շնորհակալություն է հայտնել ու գովել երեխաներին։
Ինչ վերաբերում է առաջին տիկնոջը, ապա նա հագնվել է կատվի պես և համապատասխան դիմահարդարում արել:
