Փարաքարի անանցանելի դարձած Արարատյան փողոցի խնդիրը դեռ լուծված չէ, ինչո՞ւ. Արուսյակ Մանավազյանը՝ ՀԾԿՀ պետին

2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեց Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի շուրջ մեկ տարի ձգձգվող վերանորոգման աշխատանքներից:

«Փարաքար համայնքի Արարատյան փողոց անցյալ տարի նոյեմբերին ես այց եմ ունեցել, դեռ երեք ամիս քանդված է եղել, պարզել են, որ կա հորերի խնդիր, և պետք է «Վեոլիան» կարգավորի խնդիրը։ Անցել է մեկ տարի, և խնդիրը լուծված չէ, փողոցը մեքենաների համար անանցանելի է։ Խնդիրներ կան «Վեոլիա ջրի կապի հետ կապված, կոմունիկացիայի հետ կապված։ Ուզում ենք հասկանալ, թե որ դեպքում որտեղ ահազանգենք»,- ասաց նա։

Բաղրամյանն էլ արձագանքեց՝ նշեց, որ նման խնդիրները դեպքում կարելի է ահազանգել Հանրային ծառայության հանձնաժողով․ «Ես գրեցի համայնքը և փողոցը, կճշտեմ և լրացուցիչ կտեղեկացնեմ»։

Բնակիչներից հաճախակի ստացած դժգոհությունների հետ կապված ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն ամիսներ առաջ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ծանոթացել էր Արարատյան փողոցում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներին: 

Կիսվել սոց․ ցանցերում