Ալեքսիս Օհանյանի հաջողության գաղտնիքը. «Սերֆերի մտածելակերպ»

Ամենահաջողակ մարդիկ կարողանում են բացել հնարավորությունների պատուհանները եւ գիտեն, թե երբ եւ ինչպես օգտվել դրանցից: Ըստ Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի՝ սա շատ բանով չի տարբերվում սերֆինգից, գրում է CNBC-ն։

««Սերֆերի մտածելակերպը» կարող է օգնել ձեզ հաջողության հասնել ինչպես կյանքում, այնպես էլ բիզնեսում»,-իր մայր բուհի՝ Վիրջինիայի համալսարանի ուսանողներին ասել է Օհանյանը: Նրա խոսքով՝ սերֆինգիստները պետք է գործադրեն համբերության, կենտրոնացման եւ հանգստության անհրաժեշտ համադրություն, որպեսզի ճիշտ դատեն, թե որ ալիքը ավելի լավ կլինի բռնել, իսկ որը՝ մահացու: Օհանյանը նշել է, որ կարեւոր հատկանիշ է համբերատար սպասելու ունակությունը՝ առանց անցյալի հաջողությունների կամ ձախողումների վրա հենվելու։

«Սա ճիշտ մտածելակերպ է լավ ապրելու համար»,-ասել է նա,-«Եթե ձեր ամբողջ ժամանակն անցկացնեք տախտակի վրա՝ անհանգստանալով միայն այն ալիքի համար, որը հենց նոր բաց թողեցիք, ապա բաց կթողնեք հաջորդը: Եթե ​​երազում եք, փորձում եք վերապրել այն զարմանալի ալիքը, որը հենց նոր բռնեցիք, կարող եք բաց թողնել հաջորդը: Այլ կերպ ասած, ձեզ պետք է ձեր անցյալի անհաջողություններից դասեր քաղելու եւ դրանք հաղթահարելու կարողություն՝ ապագայում առաջացող ցանկացած հնարավորությունից օգտվելու համար: Այս դասը, հատկապես, արդիական է բիզնեսի համար»,-ասել է նա:Տեխնոլոգիական վարպետները՝ Բիլ Գեյթսից մինչեւ Սթիվ Ջոբս, նշել են, որ ձախողման վախի հաղթահարումը ուղի է դեպի հաջողություն: Հոգեբանները համաձայն են. ամենահաջողակ մարդիկ սովորաբար նրանք են, ովքեր կարողանում են իրենց անհաջողությունները դասի վերածել եւ շարունակել անհրաժեշտ ռիսկերի դիմել:

Օհանյանն ինքն էլ ապրել է մի շարք անհաջողություններ։ 2005 թվականին նա եւ Սթիվ Հաֆմանը սննդի պատվիրման բջջային հավելված էին ներկայացրել, սակայն մերժում էին ստացել Y Combinator ընկերության կողմից:

Ըստ Օհանյանի, այն ժամանակ այդ մերժումը «հսկայական ձախողում» էին համարում, բայց ավելի ուշ նրանք վերադարձել են Reddit-ի գաղափարով: Y Combinator-ը, ի վերջո, 12,000 դոլար է ներդրել այդ ծրագրի համար, ինչը օգնել է ընկերության առաջ գնալուն: «Այդ առաջին ձախողումը եւ դրանից հետո վերադարձի կարողությունը «փոխեցին մեր կյանքը»,-2017թ-ին նշել էր Օհանյանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում