Գեղարքունիքի մարզում իրավիճակը հանդարտ է, անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Անվտանգային առումով իրավիճակը նույն է, հանդարտ է, ոչ մի փոփոխություն չունենք։ Ինչպես պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, այդ նույն իրավիճակն է: Վերջին օրերին կրակոցներ չեն եղել»,- ասաց մարզպետը:
Իսկ թե ինչքա՞ն տարածք է օկուպացված, մարզպետը թվեր չնշեց: Ասաց՝ Ադրբեջանական ուժերը պետք է հետ գնան և դուրս գնան ՀՀ տարածքից:
Անդրադառնալով Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ հանքավայրը մասնակի աշխատում է։
«Նախորդ անգամ ես այս մասին հայտարարել էի, որ փակ հանքում աշխատանքները մասնակի իրականացվում են: Եղել է բաց հատված, որն արդեն մի քանի ամիս է՝ չի աշխատում»,- նշեց մարզպետը։
Մարզից որևէ մեկը չի հեռանում, չկա նման խնդիր: Ըստ մարզպետի՝ կյանքը բնականոն հունով գնում է առաջ, մարդիկ առօրյա կյանքով ապրում են, զբաղված են բերքահավաքով:
Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին՝ մարզպետն ասաց՝ նրանք բնակություն են հաստատում ոչ միայն Գեղարքունիքի սահմանամերձ, այլ գրեթե բոլոր համայնքներում:
Ամենաշատը Սևան համայնքում են մարդիկ հաստատվել: Հյուրանոցներում և հյուրատներում կան անձինք, և աշխատանքներ են տարվում, որ վարձով տներ գտնեն ու տեղափոխվեն:
