Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Աստանայում ընթանում է Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը՝ «Թուրքական դար» կարգախոսով, մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Վերջինս ոչ միայն մասնակցել է, այլև ելույթ է ունեցել՝ մուսուլման եղբայրների կողքին իրեն զգալով ինչպես «ձուկը՝ ջրում» և չմոռանալով օգտագործել առիթը՝ սեփական անձի գովերգման ու պարծենալու համար:
Ինչպես շատ անգամներ, այս անգամ էլ, մոռանալով, թե ինչի համար են հավաքվել, Ալիևը խոսել է այս տարվա սեպտեմբերին ադրբեջանական բանակի կողմիցԼեռնային Ղարբաղում իրականացված ցեղասպան գործողությունների մասին, որոնք ցինիկաբար դարձյալ անցվանել է որպես «հակաահաբեկչական գործողություն»
Հագնելով մարդասերի ու խաղաղասերի իր հին դիմակը, Ալիևն «ափսոփսանք» է հայտնել աշխարհի այս կամ այն ծայրում խորացած հակամարտությունների համար:
«Ցավոք սրտի, այսօր աշխարհի տարբեր տարածաշրջաններում կոպտորեն խախտվում են միջազգային իրավունքի նորմերը։ Սկսվում են պատերազմներ և արյունալի բախումներ։ Այս դեպքում անվտանգության գլխավոր երաշխավորը առաջին հերթին դառնում է երկրների պաշտպանական ներուժը։ Կարծում եմ, որ անդամ երկրների միջև համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, պաշտպանությունը և պաշտպանական արդյունաբերությունը, պետք է էլ ավելի ընդլայնվի»,-հայտարրել է Բաքվի բռնապետը:
Այս նախադասությունից հետո միանգամից հիշելով հայերին, Ալիևը հին երգն է երգել, թե Հայաստանը շուրջ 30 տարի «օկուպացիայի» տակ է պահել ադրբեջանական հողերը և այստեղ ստեղծել «ապօրինի» ռեժիմ։
Սեփական քայլերը վերգրելով Հայաստանին, Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ վտարվեցին իրենց պապենական հողերից։ Հայաստանը հողին հավասարեցրեց մեր քաղաքներն ու գյուղերը, ավերեց ու ոտնահարեց մեր պատմական ու կրոնական հուշարձանները»։ Այնուհետ Ալիևը, իր մուսուլման եղբայրների աչքերին հերթական անգամ «թոզ փչելու համար» հավելել է, թե իբր այս բոլոր տարիների ընթացքում Ադրբեջանը ձգտել է հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, բայց ըստ նրա, 2020 թվականին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններն ու հայտարարությունները «անխուսափելի դարձրին ղարաբաղյան երկրորդ պատերազմը»։
Ալիևը պնդել է, թե ոչ թե արյունալի ու վայրագ սպանություններ, խեղումներ ու կոտորած է իրականացրել, այլ պատերազմում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, «իրացրել ինքնապաշտպանության իր իրավունքը, մարտի դաշտում հաղթել Հայաստանին և վերականգնել տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը»՝ մոռանալով ուժերի ահռելի տարբերության ու անհավասար մարտի, նենգ քայլերի և նույն այդ մարդասիրական իրավունքը ոտնահարելու մասին։
Շարունակելով, նա նշել է, թե «2023 թվականի սեպտեմբերի 19-ին հայկական զինված խմբավորումների կողմից Ադրբեջանի ազատագրված տարածքներում տեղադրված ականի պայթյունները խլել են 6 մարդու կյանք»և հավելել, որ դա բարկացրել է իրենց:
«Դրանից հետո Ադրբեջանն իր սահմանադրական կարգը վերականգնելու և ապօրինի զինված խմբավորումներին չեզոքացնելու նպատակով տեղական հակաահաբեկչական միջոցառումներ է իրականացրել։ 23 ժամվա ընթացքում ավարտված գործողության արդյունքում Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնեց իր ինքնիշխանությունն ու սահմանադրական կարգը։ Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում խաղաղ բնակչությանը կամ քաղաքացիական ենթակառուցվածքին վնաս չի պատճառվել։ Ադրբեջանը գործել է միջազգային մարդասիրական իրավունքին լիովին համապատասխան։ Այս փաստերը հաստատել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ովքեր երկու անգամ այցելել են տարածաշրջան»,- հայտարարել է է Ալիևը՝ մեկ տեքստային կարճ պարբերության մեջ ստելով մոտ 10-11 անգամ:
Վերջում, չմոռանալով, ու ինքը տևական ժամանակ է՝ փորձում է բոլորից թաքցնել արյունոտ ձեռքերն ու ցույց տալ «հրեշտակի թևերը», հավելել է.
«Հենց Ադրբեջանն է ձգտում խաղաղության, հենց Ադրբեջանն է հայտարարել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին և ներկայացրել հինգ հիմնարար սկզբունքները»:
