Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստան կատարած այցից հետո այցելեց նաև Ադրբեջան։ Հայաստանում, բացի վարչապետ Փաշինյանի և արտգործնախարար Միրզոյանի հետ հանդիպումներից, հանդիպեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արցախցիներին, եղավ հայ-ադրբեջանական սահմանին։
Նոյեմբերի 5-ին Բաքու կատարած այցի ընթացքում Բերբոքը հանդիպում ունեցավ Ալիևի հետ, ապա՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հանդես եկան նաև մամուլի ասուլիսով։
Բերբոքը ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում ընդգծեց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և հարգման կարևորությունը։ Միաժամանակ, նա իր ելույթում Շուշի և Ստեփանակերտ տեղանունները բացի ադրբեջանական անվանումներով նշելուց, օգտագործեց նաև դրանց հայկական անվանումները, ինչը հարուցեց նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի քննադատությունը։
Բայրամովը Անալենա Բերբոքին մեղադրեց Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական օբյեկտների համար մտացածին անուններ օգտագործելու մեջ և խնդրեց հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը. «Միջազգային իրավունքի շրջանակներում անհրաժեշտ է հարգանք դրսևորել Ադրբեջանի տարածքի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և տեղանունների նկատմամբ: Խնդրում եմ հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունը և միջազգային իրավունքը»։
Նա ընդգծեց, որ աշխարհագրական անվանումները ներկայացվում են ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեին, և դրա հետ համաձայնեցված տեղանունները պետք է հայտարարվեն. «Այս ռեգիստրում չկան երկրորդ անուններ, որոնք հնչեցրեց Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը»։
Անալենա Բերբոքը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղ՝ հայերի վերադարձի մասին։ Նշեց, որ Հարավային Կովկասը խոցելի տարածաշրջան է։ Ընդգծեց, որ Հայաստան կատարած այցի ընթացքում ինքը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ։
«Նրանք հայտարարեցին, որ ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ, ես կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է նրանց հնարավորություն տա»,- ասաց նա։
Ի պատասխան Բայրամովը նշեց, որ Ադրբեջանում բռնի տեղահանվածներն ավելի շատ են, քան Հայաստանում. «Եթե տիկին նախարարը հանդիպեր նաև ադրբեջանցի բռնի տեղահանվածների հետ, նա ավելի տեղեկացված կլիներ»։
Միևնույն ժամանակ Բայրամովը օգտակար է համարել Բերբոքի այցը և նշել, որ պետք է նման այցերը շարունակվեն։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան
