2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սահմանային անցակետերով Հայաստան է մուտք գործել 3 671 691 քաղաքացի, ինչն աննախադեպ բարձր ցուցանիշ է վերջին տարիների 9 ամիսների ցուցանիշի համեմատ և 53 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի ժողովրդագրության վերաբերյալ վերջին պաշտոնական տվյալները:
Համեմատության համար նշենք, որ 2022թ. հաշվետու ժամանակահատվածում ՀՀ սահմանային անցակետերով Հայաստան է մուտք գործել 2 396 372 և դուրս եկել 2 393 413 քաղաքացի: Սահմանային գրանցման ընդհանուր հաշվեկշիռը կազմել է 2 959 (միգրացիոն սալտոն դրական է), իսկ միայն ՀՀ փաստաթղթերով սահմանային գրանցման հաշվեկշիռը կազմել է -48 230 (միգրացիոն սալտոն բացասական է): Այսինքն ՀՀ քաղաքացիություն ունեցող 48 230 անձ նշված ժամանակահատվածում չի վերադարձել Հայաստան:
2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սահմանային անցակետերով Հայաստան մուտք գործած 3 671 691 քաղաքացիներից
1 482 914-ը սահմանը հատել են ՀՀ փաստաթղթերով: Նույն ժամանակահատվածում Հայաստանի սահմանային անցակետերով դուրս է եկել 3 682 325 քաղաքացի, որից 1 509 887-ը ՀՀ փաստաթղթերով: Սահմանային գրանցման հաշվեկշիռը՝ այդ թվում ՀՀ փաստաթղթերով, կազմել է -26 973, այսինքն միգրացիոն սալտոն եղել է բացասական:
Ստացվում է, նախորդ տարվա 9 ամիսների համեմատ Հայաստան չվերադարձածների թիվը կիսով չափ նվազել է, սակայն բացասական սալտոն շարունակում է պահպանվել:
Նշված ժամանակահատվածում ամենից շատ քաղաքացիներ (1 961 313) Հայաստան են մուտք գործել «Զվարթնոց» անցակետով: Իսկ ցամաքային անցակետերից ամենից ծանրաբեռնվածը եղել է հայ-վրացական «Բագրատաշեն» անցակետը. այստեղով ՀՀ է մուտք գործել 1 079 362 և դուրս եկել 1 121 527 քաղաքացի:

