«Պատճառների մասին մեր գործընկերներին տեղյակ պահել ենք, թե ինչու չենք գնացել, և այստեղ գալն էլ հրապարակային ասել ենք, որ մասնակցելու ենք։ Այլ բան չեմ կարող ավելացնել»,- Բրյուսելում մեկնարկած «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի ընթացքում «Ֆակտորի» և «Հանրային Հեռուստաընկերության» հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր կողմից ԱՊՀ-ի նիստին չմասնակցելու և Բրյուսել մեկնելու մասին հարցին։
Հարցին, թե ՀՀ Կառավարությունը արդյոք դիտարկո՞ւմ է Եվրաինտեգրման հարցը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ինչպես կոնֆերանսի ժամանակ եմ ասել՝ այս փուլում կարևոր է մեր երկկողմ համագործակցության այն բոլոր գործիքների իրականացումը, որը գոյություն ունի, որպեսզի երկկողմ հարաբերությունները ակտիվացնենք և ամրապնդենք։ Դա կլինի ՍԵՊԱ-ն, թե 2.6 միլիարդ եվրոյի հանձնառությունը Եվրամիության, դա կլինի այլ ուղղություններով, մենք մի շարք ուղղություններով դիմել ենք Եվրամիությանը, որպեսզի նույնիսկ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունը ամրապնդենք, և կարծում եմ՝ Եվրոպայի առումով մեզ ամենաուժեղ կապող գործոնը ժողովրդավարությունն է, և ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում նշանակում է ամրապնդել Եվրամիության հետ հարաբերությունները»։
Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է եռակողմ հանդպմանը Բրյուսելում, բայց դա հնարավոր է, եթե երեք կողմն էլ համաձայն լինեն հանդիպմանը․ «Բրյուսելում նախատեսում եմ հանդիպում Տոյվո Կլաարի հետ, ինչպես նաև նախագահ Ֆոն դեր Լեյենի աշխատակազմի ղեկավարի հետ, քննարկելու ենք Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը»։
Գրիգորյանը նշեց, որ Բրյուսելը նախապատրաստում է հանդիպումներ․ «Պարոն Կլաարի հետ քննարկելու ենք նաև այդպիսի հարցեր, թե երբ հնարավոր կլինի եռակողմ հանդիպումը»:
Գրիգորյանը ավելացրեց, որ դեռևս ՌԴ-ից որևէ հրավերի մասին տեղյակ չէ եռակողմ հանդիպման համար՝ Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի նախագահների կամ արտգործնախարարների միջև։
