Ինչքան էլ թանկ լինի հшնգուցյալը, ինչքան էլ դողաս նրա համար, պետք է թшղես հիվանդ, մшհшցած մարմինը

Ինչքան էլ թանկ լինի հանգուցյալը, ինչքան էլ դողաս նրա համար, պետք է թաղես հիվանդ, մահացած մարմինը

 

Ի՞նչ լույսի ներքո պետք է այսօրվա սերնդին ներկայացվեն Եղիշե Չարենցի ստեղծագործությունները, հատկապես նրա <Երկիր Նաիրի> վեպն այսօր տարաբնույթ մեկնաբանությունների է արժանանում։ Արցախյան վերջին պատերազմից, Արցախի կորստից հետո մարդկանց մտածողության, աշխարհայացքում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ։ Որպես գրականագետ՝ ի՞նչ է մտածում Դավիթ Գասպարյանը, գրականագիտական տեսանկյունից ինչպե՞ս պետք է ներկայացվեն Ե․ Չարենցի ստեղծագործությունները, որպեսզի ներկա սերունդը հասկանա նրա գրականությունը։

<Աշխարհում կա մի Չարենց, եւ այդ Չարենցն անսահման է՝ խորությամբ, ընդգրկումով, մեծությամբ։ Մենք շատ հեռու ենք այդ ամենն ընկալելուց, հասկանալուց։ Այնքանը, որքանը որ ներկայացնում, մեկնաբանում ենք, հասկանում ենք, ընդամենը փորձ է մոտենալու Չարենցին։ Ես մոտ հիսուն չարենցյան հրապարակումների հեղինակ եմ, Չարենցի նոր կյանքը պայմանավորված է <Ողբերգական Չարենցը> գրքով, <Փակ դռների գաղտնիքը> գրքով, որն ամբողջ 1937թ․ եւ հայ մտավորականությանը՝ Չարենց, Բակունց, Մահարի, Լեռ Կամսար է ներկայացնում։ Ամբողջ ժողովուրդը կարդում եւ տարածում էր։ Արտեմ Սարգսյանի ժամանակ <Արմենիա> հեռուստաընկերությունը հաղորդաշար էր ներկայացնում, ես վարում էի այդ հաղորդաշարը, կենդանի եթեր էր, վեց ամիս տեւեց։ Հաղորդաշարից հետո, երբ տուն էի վերադառնում, մեր տան բակում ժողովուրդն ինձ էր սպասում։ Մինչեւ կեսգիշեր նստում էինք, խոսում, թե Չարենցն ում հանդիպեց, ինչ եղավ, որ զրույցն ինչպես ավարտվեց, էս, էս, էս․․․Մարդկանց հետաքրքրում էր Չարենցը։ Եվ երբ ես իմ խոսքի մեջ այսօր ասացի, որ մեր ժողովուրդը թումանյանականացված է, հիմա էլ չարենցականացվում է, պատահական չէր։ Այս ընթացքում ես հրատարակել եմ անտիպների  երկու գիրք՝ <Նորահայտ էջեր>, <Գիրք մնացորդաց>, դե թող հրատարակեն, թող անեն։ Դրանից հետո հրատարակել եմ հուշերի երկու գիրք, որոնք ավելացան նախորդ երկուսին։ Անցյալ տարի եւ այս տարի լույս են տեսել <Չարենցի կյանքը եւ ժամանակը> եւ <Չարենց> մենագրությունը։ Հիմա Չարենցի առանձին գործերի վերաբերյալ կան առանձին կարծիքներ եւ տեսակետներ։ Հիմա հարցնում ես <Երկիր Նաիրիի>  մասին, որը Չարենցի հանճարեղ գործերից մեկն է։ Չարենցը այդ գործը գրեց, երբ Հայաստանը վիթխարի պարտություններից հետո ուզում էր ոտքի կանգնել՝ որպես Խորհրդային Հայաստան։ Եվ Չարենցն ասաց՝ մեր մի մասը մեռած է, հանգուցյալ է, բայց մինչեւ մենք չթաղենք մեռելին, չենք կարող պահել կենդանի մասը։ Չարենցն ասում է՝ ինչքան էլ թանկ լինի հանգուցյալը, ինչքան էլ դողաս նրա համար, պետք է թաղես հիվանդ, մահացած մարմինը>,-կարծում է Դավիթ Գասպարյանը։

Իսկ ի՞նչ զուգահեռներ կարող ենք անցկացնել Չարենցի ժամանակների եւ այսօրվա իրականության միջեւ։

<Այն ժամանակ Չարենցը կորցրեց Կարսը, գրեց <Երկիր Նաիրի>-ն, իսկ այսօր մենք կորցրեցինք մի ողջ պատմական հայրենիք, որը Ղարաբաղ է կոչվում։ Սա մեկ օրվա, երկու օրվա հայրենիք չէ, ձեռքբերովի հայրենիք չէ, սա ղարաբաղցու խոսքով՝ տակռի, արմատական, խորքերից եկող հայրենիքն է՝ իր լեզվով, իր մշակույթով, սննդով, խոսքի հնչերանգով։ Ո՞ւմ թողեցինք մենք այդ ամենը, այս ի՞նչ կատարվեց։ Ես ամեն տարի եղել եմ Ղարաբաղում հազար ու մի գործերով, զինվորների հետ էինք հանդիպում, ուսուցիչներին էինք վերապատրաստում, տարին չորս անգամ խմբով գնում էինք, զորամասերում հանդիպում զինվորներին եւ զրուցում նրանց հետ։ Տարին մեկ անգամ՝ մարտ ամսին, գնում էի Ղարաբաղ՝ ուսուցիչներին վերապատրաստելու։ Հիմա տեսնում ենք, որ նույն վիճակը կրկնվում է այսօր։ Կարսը մենք կորցրեցինք 1920թ․, այսօր 2023 թիվն է, հարյուր երեք տարի առաջվա պատմությունը կրկնվում է այսօր։ Կարսի նման վիթխարի մարզը մենք կորցրեցինք 1920թ․, այսօր մենք կորցրեցինք Ղարաբաղը․․․ Եղնիկի պես փոքրիկ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, կոկորդիլոսի բերանում,  ի՞նչ պետք է անենք, մեզ պետք է շատ լուրջ եւ կիրթ դիվանագիտություն։ Տեսեք, թե ինչ է Իսրայելն իրենից ներկայացնում, բայց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի նախագահները գնացին, կանգնեցին կողքը, զենք տվեցին, ամեն ինչ արեցին, մերն է, պետք է պահենք։ Մեր կողքին ո՞վ կանգնեց։ Էն թշվառ ռուսը 95-97  տոկոսով հակահայ է, էն  երեք տոկոսը գոնե պետք է կարողանայինք պահել, որ մեզ չվնասի։ Ոչ թե նրան փառաբանենք, այլ որ արջն իր ոտքը մեզ վրա չդնի․․․ >։

Ահա այսպիսի զուգահեռներ․․․

Թագուհի  Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում