Դանդաղեցնում է կարիեսի առաջացումը, բարձրացնում է տրամադրությունը և այլն․ մասնագետը նշել է՝ ինչ օգտակար հատկություններով է օժտված շոկոլադը

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքով՝ շոկոլադը վնասակար չէ ատամներին, ավելին՝ այն դանդաղեցնում է կարիեսի առաջացումը։

«Իհարկե, խոսքը բնական, դառը շոկոլադի մասին է ( 60% և բարձր կակաոյի պարունակությամբ), որտեղ շաքարի պարունակությունը ցածր է: Նաև չպետք է մոռանալ շոկոլադ ուտելուց հետո բերանի ողողման մասին՝ թթվայնության բարձրացումից խուսափելու համար:

Դառը շոկոլադը համարվում է ամենաօգտակարը, քանի որ պարունակում է նվազագույն քանակի շաքար և չի պարունակում սերուցք կամ կաթ, այն հագեցնող է և չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը:

Շոկոլադն ունի նաև աֆրոդիզիակի հատկություն, նպաստում է սեռական ցանկության բարձրացմանը, ինչպես նաև տրամադրությունը բարձրացնելու հատկություն ունի. օրգանիզմում արտադրվում են երջանկության հորմոններ՝ սերոտոնին և էնդորֆիններ, որոնք հանում են հոգեբանական ճնշվածությունն ու ցավի զգացողությունը», — նշել է բժիշկը՝ հավելելով, որ տարվա այս եղանակին շոկոլադը դեպրեսիայից խուսափելու միջոց կարող է լինել, ինչով էլ պայմանավորված է այն փաստը, որ տարվա կտրվածքով ամենաշատն աշնանն են մարդիկ շոկոլադ օգտագործում։

Կիսվել սոց․ ցանցերում