«Այս դաժան իրողությունը պետք է կանխվի ձեր օգնությամբ». Ակցիա՝ ԿԽՄԿ դիմաց

Մի խումբ արցախցի երիտասարդներ հավաքվել են ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց ու արգելափակել են մուտքերը։ Նրանք ուզում են պարզաբանում ստանալու, թե «ինչ հիմնավորմամբ է Բաքուն մերժել Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից արցախցի 21-ամյա Հելեն Դադայանի մարմինն Արցախ տեղափոխելու շուրջ ձեռք բերված նախնական համաձայնությունը»։

 

«Այս պահին դուք գտնվում եք շրջափակման մեջ, դուրս չեք գալու, քանի չեք տվել մեզ հուզող հարցի պատասխանը։ Բոլկադա՝ բլոկադայի դեմ, բլոկադայի մեջ եք, և որոշակի ժամանակ կզգաք այն, ինչ զգում են արցախցիները։

 

Այս դաժան  իրողությունը պետք է կանխվի ձեր օգնությամբ։ Այլ մարդ չկա,  որ այս պահին օգնի այդ ընտանիքին։ Խնդրում ենք՝ ահազանգեք մինչև գլխավոր գրասենյակ, լուծեք այս հարցը, հակառակ դեպքում ձեր առաքելությունը Հայաստանում և Արցախում դառնում է անիմաստ»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները։

 

Նրանք պահանջում են ԿԽՄԿ-ից՝ կամ Ադրբեջանի մերժման պատճառաբանությունը, կամ իրականացնեն Ժնևյան կոնվենցիայով իրենց տրված իրավունքները և Հելեն Դադայանի դիակը տեղափոխել Արցախ, որպեսզի  ընտանիքը հրաժեշտ տա աղջկան։

 

«ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարներից մեկն էր իջել, հարցեր էինք տալիս, պատասխան չհնչեց մեր հարցերին, այդ իսկ պատճառով էլ որոշեցինք շրջափակել գրասենյակը»,- ասել է ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը գրել է. «Օրեր առաջ Գյումրի-Երևան ողբերգական ավտովթարի զոհ դարձած `Արցախցի, Ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխելու հարցով կարմիր խաչը նախնական համաձայնության էր եկել Բաքվի հետ, որ այսօր տեղափոխեն Արցախ։ Սակայն Բաքուն այսօր առավոտյան մերժել է»։

 

 

Կիսվել սոց․ ցանցերում