«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը կարծում է, որ Երևանի մաքրությունը երբեմն տեսանելի չէ, հիմնարկի աշխատակիցների կատարած աշխատանքն էլ՝ հաճախ չգնահատված: Ըստ նրա՝ և հենց հիմնականում Երևանի մաքրության բացակայությունից դժգոհում են նրանք, ովքեր անձամբ են մեղավոր դրա չպահպանման համար։
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հաճախ հնչող դժգոհություններին, ըստ որոնց՝ Երևանը այնքան էլ մաքուր քաղաք չէ:
«Մայրաքաղաքում աղբահանությունն իրականացվում է հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ 41 մեքենա է դուրս գալիս աշխատանքի։ Եթե անգամ ամենօրյա ռեժիմով մաքրենք քաղաքը, միևնույն է, դժվար մաքրվի, քանի որ հասարակության մի հատվածը մաքրություն պահել և աշխատանք գնահատել չգիտի։ Պարզ օրինակ․ ինչո՞ւ է Արտաշատի խճուղու գազոնային հատվածում ամեն օր աղբ կուտակվում այն պարագայում, երբ այնտեղ մարդ չի բնակվում, որովհետև այնտեղով անցնող մեքենաները աղբը լցնում են այդ հատվածում։ Կենտրոնական փողոցներն ու մի քանի երկրորդական փողոցներ մաքրվում են ամեն օր, բայց նաև աշխատողների թվաքանակով չես կարող լիարժեք մաքրությունն ապահովել»,- ասում է նա:
Այս սեզոնին իրականացվող աշխատանքները երբեմն տեսանելի չեն նաև աշնանային տերևաթափի հետևանքով, նկատում է Աղաջանյանը։ Թափված տերևները մաքրելուց մի քանի րոպե հետո սկսված քամին պատճառ է դառնում, որ մարդիկ կարծիք կազմեն, թե այդ հատվածներում ընդհանրապես մաքրություն չի կատարվել։ Հիմնարկի տնօրենը դրա հետ կապված քննադատությունները համարում է ոչ տեղին, իրավիճակը պարզաբանում հետևյալ կերպ․ «Աշխատանքները համակարգված կերպով տարվում են, ամեն օր արված աշխատանքը լուսանկարահանվում է։ Օրինակ՝ Սայաթ-Նովա և Մաշտոցի պողոտայում պլատան ծառատեսակի ծառեր կան, դա այն է, որ մինչև գարուն տերևները մնում են, իսկ մնացած հատվածներում ծառերի տերևները սկսում են միանգամից թափվել, մի ծառի վրայից անհաշվելի տերևաթափ է լինում, որն էլ ինտեսիվ աշխատանք է պահանջում»։
Խոսելով ընկերությունում առկա տեխնիկայի և առհասարակ խնդիրների մասին՝ վերջինս չի հերքում, որ աղբահանության գործընթացում խնդիրներ են եղել, որը նկատել են երևանցիները, սակայն ունեն տեխնիկայի համալրում. «Այս տարի շատ զբոսաշրջիկներ ունեցանք, 100 հազար մեր հայրենակիցներին ընդունեցինք, մարդկանց քանակը շատ եղավ, որով էլ պայմանավորված՝ աղբի քանակը անհամեմատ շատ էր։ Եթե համեմատում ենք 2019 թվականի և այսօրվա միջև, ապա դա հնարավորինս ավելին է։ Քաղաքում ունենք նաև հետևյալ տեսարանները․ Աբովյան փողոցում սննդի կետերը շատ են, այնտեղի հավաքարարները սև տոպրակի մեջ են լցնում աղբը, ու քանի որ տարիքով մեծ են, փողոցով քարշ տալով հասցնում են աղբարկղի մոտ, և աղբի կեսը թափվում է գետնին։ Խոսում ես, բացատրում ես այդ մարդկանց, որ նման քայլը տգեղ է, 4 օր անց նույն պատկերը կրկնվում է։ Զրույցներ ենք ունենում, ասում են՝ հավաքարարների տարիքը մեծ է, չեն կարողանում գրկել կամ այլ կերպ մոտեցնել աղբամանին»։
Խնդիր կա նաև շինաղբի և կենցաղային իրերի հետ կապված, որոնք քաղաքացիները նետում են սովորական աղբի հետ: Ընկերության տնօրենի խոսքով՝ թեև դա հիմնարկի իրավասության ներքո չէ, սակայն երբեմն ստիպված են լինում արագ մաքրել այն տարածքը, որտեղ նման աղբ կա հավաքված. «Բազմիցս մարդկանց զգուշացրել ենք՝ շինաղբ ու այլ տեսակի կենցաղային աղբի համար հատուկ վայրեր կան։ Ենթադրենք՝ այդ հատվածով պատվիրակություն պետք է անցնի, և ստիպված այդ տեսակի աղբը տեղադրում ենք մեր մեքենաների մեջ, որ հյուրերը չտեսնեն։ Շինաղբի դեպքում մեր մեքենաները ջարդվում են, բայց դժվար է հասկանալ, որ աղբարկղում նման աղբ կա, քանի որ դա հիմնականում լցնում են ամենաներքևում և վրան՝ բազում կենցաղային աղբ»։
Միևնույն ժամանակ Աղաջանյանը հիշեցնում է․ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի պատասխանատվության ներքո չեն գազոնային հատվածները, այգիները, պուրակները, սակայն եթե կարիք է լինում, մաքրում են նաև դրանք։
Այս պահին հիմնարկն ունի 1100 աշխատակից։ Երևանի համար հատկացված է 620 հազար բանվոր, սակայն, ըստ տնօրենի, աշխատողները երբեմն չեն ցանկանում աշխատել՝ բողոքելով աշխատավարձերից, որը ամսական 150 հազար դրամ է սահմանված: Հարցը, վերջինիս վստահեցմամբ, ակտիվ քննարկման փուլում է:
«Աշխատանքի ենք ընդունել նաև արցախցիներին, որոնք ցանկություն են հայտնել աշխատել։ Տարբեր վարչական շրջաններում կոնկրետ ֆիքսված ժամանակ չունենք․ հիմնականում փողոցների մաքրությունը սկսվում է երեկոյան 10-11-ից, բակերինը՝ առավոտյան 8-9-ի հատվածներում։ Աշխատողների տարիքի սահմանափակում չունենք՝ կա մինչև 85 տարեկան աշխատող, որն ավելի լավ է աշխատում, քան 35 տարեկանը»,- ասում է նա։
Թեպետ առկա որոշակի խնդիրներին կառույցի տնօրենը, այնուհանդերձ, վստահեցնում է՝ հիմնարկի աշխատանքը ընթանում է բնականոն ռեժիմով:
