3 տարով երկարաձգվեց 82 բնակավայրի գազի, լույսի, ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման մասին օրենքը

ՀՀ սահմանամերձ համայնքների 82 բնակավայրում իրականացվում են սոցիալական օժանդակության ծրագրեր:

Օրենքը գործում է 2015 թվականից, ընդունվել էր 3 տարի ժամկետով և 2 անգամ երկարաձգվել:

Այս մասին այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտնեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Հիմա նորից բերել ենք օրենքի նախագիծ Ազգային ժողով, որով առաջարկում ենք ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը»,- ասաց նա:

Սոցաջակցություն է տրամադրվել Արարատի մարզի 2, Գեղարքունիքի՝ 3, Վայոց ձորի՝ 2, Սյունիքի՝ 5, Տավուշի՝ 11 համայնքի: Ընդհանուր առմամբ ընդգրկված է 23 համայնքի 82 բնակավայր:

Գործող օրենքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին առաջարկվում է փոխհատուցում տրամադրել բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաև օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից:

Կիսվել սոց․ ցանցերում