Մանկական քաղցկեղի անորակ դեղեր են ներկրվել Հայաստան․ «Հետք»

Բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) 2023 թվականի հունվարին մանկական քաղցկեղի բուժման համար օգտագործվող դեղերի վերաբերյալ մի հետաքննություն էր հրապարակել, որում նշվում է նաև Հայաստանի մասին: Այս մասին գրում է «Հետք»-ը:

 

Հետաքննությունը բացահայտել էր, որ աշխարհի ավելի քան 90 երկիր ասպարագինազա (asparaginase) դեղանյութ պարունակող անորակ դեղամիջոց է ներմուծվել։ Ասպարագինազան մանկական քաղցկեղի ամենատարածված տեսակի՝ սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի բուժման նպատակով օգտագործվող հիմնական դեղանյութն է։

 

Լրագրողներն ամբողջ աշխարհում անորակ ասպարագինազայի ապրանքանիշերի տարածմանը հետևելու համար օգտագործել են Panjiva բեռնափոխադրումների տվյալների բազան: Ըստ հետաքննության՝ 2021 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել «Օնկոնաս» (Onconase) և «Ասպատերո» (Aspatero) դեղամիջոցները։ Պարզվել է, որ դեղամիջոցները անարդյունավետ են, կողմնակի ազդեցություն են ունենում, և շատ երկրներում դրանց կիրառումն արգելվել է։

 

2020թ. հոկտեմբերի 3-ին Կառավարության  «Ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը և ցանկերը հաստատելու մասին» N 1632-Ն որոշմամբ՝ Հայաստանում թույլատրվեց չգրանցված դեղերի ներմուծումը։ Նշված դեղամիջոցները Հայաստան են բերվել  հենց այս որոշումից հետո` 2021 թվականի մարտին, մայիսին և դեկտեմբերին։ Մեր գործընկերների փոխանցած տվյալների համաձայն՝ դեղերը Հնդկաստանից ներմուծել է երկու տնտեսվարող, որոնցից մեկը հայտնի է՝ «Վիոլետա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն, մյուսի տվյալները պարզել չի հաջողվել։

 

«Վիոլետա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արկադի Դաշյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ «Օնկոնաս» դեղամիջոցը 2021 թվականին Հայաստան են բերել փոքր խմբաքանակով՝ 50 հատ։ Դաշյանի խոսքով՝ դեղերը ընդհանրապես չեն վաճառվել, ժամկետանց են դարձել և ոչնչացվելու են։

 

«2021 թվականին դեղ ենք բերել, 2023-ին պարզվել է, որ կողմնակի ազդեցություն է ունենում։ Ընդ որում, խոսքը գուցե հենց այդ խմբաքանակին չի վերաբերում։ Համենայն դեպս, դրանք վաղուց վաճառվող դեղերի մեջ չեն, ոչ մի հատ էլ չի վաճառվել։ Առանձնացրել ենք պահեստից, պիտի ոչնչացնենք»,- նշել է Արկադի Դաշյանը։

 

«Վիոլետա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն լրատվակնին ներկայացրել է Առողջապահության նախարարության տրամադրած դեղերի ու դեղանյութերի ներմուծման հավաստագիրը և խմբաքանակի խոտանման ակտը։ Փաստաթղթերում նշված է, որ ընկերությունը 50 միավոր դեղամիջոց ներկրելու թույլտվություն է ստացել։ Ամբողջ խմբաքանակը, ըստ խոտանման ենթակա դեղերի ներքին ակտի, 2023-ի մարտին առանձնացվել է դեղերի մեծածախ պահեստից և ենթակա է եղել խոտանման։

 

Արկադի Դաշյանի խոսքով՝ հարցը միայն «Օնկոնաս» բրենդին չի վերաբերում․ Հայաստանում Լ-ասպարագինազա ազդող նյութ պարունակող ոչ մի դեղամիջոց ընդհանրապես չի օգտագործվում։ Ասում է՝ պահանջարկ չի եղել, իրենք էլ հասկացել են, որ դեղամիջոցը ներկրելն անիմաստ է։

 

Առողջապահության նախարարությունից չգրանցված դեղերի ներմուծման ու դրանց սպառման վերաբերյալ լրատվականի հարցմանը պատասխանել են, որ 2021 թվականին նախարարությունը ներմուծման հավաստագիր է տրամադրել միայն հնդկական «Յունայթեդ Բիոտեխ Լիմիթեդ» (United Biotech (P) Limited) ընկերության արտադրության «Օնկոնաս» չգրանցված դեղի համար։ Ներմուծող ընկերությունից նախարարությանը ևս հայտնել են, որ «Օնկոնաս» դեղի ներմուծված ամբողջ խմբաքանակը «խոտանվել է և ակտավորվել ոչնչացման նպատակով»։

 

Ըստ Առողջապահության նախարարության՝ «Ասպատերո» դեղի ներմուծման թույլտվություն ստանալու համար որևէ դեղագործական ընկերություն չի դիմել։

 

Թե որ տնտեսվարողն է «Ասպատերո» դեղամիջոցը Հայաստան ներկրել, ինչ խմբաքանակով, և արդյոք այդ դեղերը օգտագործվել են բուժման նպատակով, չի հաջողվել պարզել։ Նախարարությունից հայտնել են՝ Հայաստան բերված դեղերի իրացման վերաբերյալ տեղեկություններ չունեն, եթե դրանք պետպատվերով տրամադրվող դեղերի ցանկում չեն։

Կիսվել սոց․ ցանցերում