ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ն դիտարկում է Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։
Այս թեմայի, ինչպես նաև վիզաների ազատականացումից հետո աշխատանքային միգրանտների, ԵՄ-ն որպես ռուսական աշխատաշուկայի այլընտրանքի հնարավորությունների մասին Civic.am-ը զրուցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։
Մեր զրուցակիցը նշեց, որ այս հարցերի մասին իրենք խոսել են դեռևս սեպտեմբերին Բրյուսելում ՍԵՊԱ-ի՝ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակում՝ այդ հարթակի անդամներով։
«Այն ժամանակ էլ խոսվեց, որ եթե ցանկանում ենք որոշակի կախվածություններ նվազեցնել մասնավորապես ՌԴ-ից, և քանի որ մենք 5-6 կետերով կապված ենք Ռուսաստանի հետ, կետերից մեկը աշխատանքային միգրանտներն են, ապա կարևոր է, որ այդ կախվածությունները թուլացնելու համար ստեղծենք այլընտրանքային լուծումներ։ Եվ այնտեղ մասնավորապես ես առաջարկեցի, որ եթե մեզ տրամադրեն քվոտաներ, մենք կարող ենք ապրանքներ տանել դեպի ԵՄ, որպեսզի մեր արտահանումը նվազեցնենք՝ կախվածության տեսանկյունից»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Նա նշեց, որ այնտեղ երբ խոսել են աշխատանքային միգրանտների մասին, նրանց հետ կապված կա առավելություն, սակայն այդ առավելությունները լավ չեն օգտագործվել, մասնավորապես Բուլղարիան և նմանատիպ պետություններն ունեն էական աշխատուժի կարիք, և կան նաև միջպետական որոշակի համաձայնագրեր, որոնք լավ չեն օգտագործվել մինչև հիմա, մասնավորապես Բուլղարիայի հետ, ու դրա պատճառը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թերացումներն են եղել։
«Բայց եթե ԵՄ-ի հետ հնարավորությունները մեծացվեն, մեր աշխատուժի մի մասը կաշխատի ԵՄ-ում և չի մեկնի Ռուսաստան, ավելի լավ գումարներ կստանա, ավելի քաղաքակիրթ պայմաններում կաշխատի։ Հիմա՝ որոնք են դրա առավելությունները։ Առաջինը՝ կախվածությունը կնվազի, երկրորդը՝ եվրոպական երկրները ավելի աչքի են ընկնում օրենքների կանոնավոր կիրառման տեսանկյունից։
Այսինքն՝ աշխատանքի անվտանգություն, աշխատանքի պաշտպանություն, թրաֆիքինգի բացակայություն, հարկադիր աշխատանքի բացակայություն կամ գուցե շատ չնչին տոկոս, ավելի բարձր աշխատավարձ, ավելի գրագետ հարաբերություններ, որոնք նաև կրթում են մեր աշխատուժին։ Երրորդ առավելությունն այն է, որ այսօր ԵՄ-ում կան էական թանկացումներ, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից և նաև կորոնավիրուսից հետո՝ 2020 թվականից սկսած, ինչը հանգեցրել է աշխատուժի թանկացման, ինչի պատճառով նաև ապրանքներն են թանկացել։ Աշխատուժի թանկացումը որոշակի դերակատարություն ունի ծառայությունների, շինարարության և ապրանքների գնագոյացման հարցերում»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ հայկական աշխատուժը կարող է համեմատաբար ավելի էժան աշխատուժ լինել, ինչը բնականաբար ավելի լայն հնարավորություններ կառաջացնի ԵՄ-ի համար։
Գագիկ Մակարյանը տեղեկացրեց, որ մասնավորապես Ֆրանսիայի հետ քննարկում են այստեղ ստեղծել կրթական կենտրոն, որպեսզի և արագացված լեզու սովորեն, և նաև այդ մասնագետները վերապատրաստվեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանսիայի շուկայի համար։
Մեր զրուցակիցը նշեց, որ Արևելյան Եվրոպայի երկրներում որոշակիորեն ռուսերեն հասկանում կամ օգտագործում են, բայց ոչ բոլոր դեպքերում, բնականաբար կամ մի փոքր անգլերեն պետք է իմանան, կամ ֆրանսերեն, որը կարելի է արագ սովորել, ինչպես օրինակ՝ հնդիկները Հայաստան գալով ընդամենը մի քանի շաբաթում հաղորդակցվում են, էլեմենտար բառերը գոնե սովորում են։
«Եվ այստեղ կարող էր նաև երկրորդ տարբերակը լինել. մեր աշխատուժը կարող է լեզու չիմանալ, բայց բրիգադիրներ նշանակվեն, որոնք լեզուն գիտեն, և պատվիրատուի հետ իրենք կխոսեն անգլերեն կամ ֆրանսերեն, իսկ հայերենով արդեն բրիգադիրը կղեկավարի, և այդ աշխատուժը կկարողանա աշխատել տարբեր նախագծերի մեջ։ Բայց այստեղ կա հարցի մյուս կողմը, ինչպես այլ երկրների օրինակով, երբ որ ազատականացնում են վիզաները, բնականաբար կարող են լինել նաև խնդիրներ։ Շատերը ձգտում են այդ պատրվակով հեռանալ երկրից և մնալ այնտեղ, կամ գնալ արկածախնդիր պատկերացումներով, ինչը կարող է հեղինակազրկել մեր աշխատուժը կամ այլ խոչընդոտներ առաջացնել։ Հիշենք, որ մասնավորապես Վրաստանի դեպքում նման երևույթներ եղան։ Այսինքն՝ այդպես միանգամից մարդիկ նետվում են առաջ, բայց այստեղ պետք է համապատասխան պետական մարմինները և մասնավոր կազմակերպությունները նախապատրաստական աշխատանքներ տանեն՝ մինչև աշխատուժ փոխանցելը»,- ասաց Գագիկ Մակարյանը։
Ի հավելումն նա նշեց, որ աշխատուժը կարող է նաև մասնակցել տարբեր պրոյեկտների, որոնց մասին այդ երկրները կարող են իրազեկել, բացի դրանից, առավելություն է նաև այն, որ եվրոպական բոլոր երկրներում հայկական համայնքներ կան, նրանք նաև կարող են այդ կրթման, թարգմանության որոշակի դերակատարությունները ստանձնել։
Համեմատելով նաև մեր աշխատուժի շանսերը այն երկրների աշխատուժերի հետ, որոնք ուղղություն են վերցրել դեպի ԵՄ, Գագիկ Մակարյանն ասաց, որ Հայաստանի աշխատուժը որակյալ է, ավելի անալիտիկ մտածելակերպով է և ավելի աշխատասեր։
«Ես չեմ ուզում վիրավորել մյուս ժողովուրդներին, բայց տարբերություններ կան։ Հետո մեր մարդիկ դրսում աշխատանքի մեջ ալկոհոլային խմիչքների օգտագործման և այլ առումներով բավականին զուսպ են լինում ու կարող են երկար ժամերով աշխատել, ինչը շատ մեծ գրավչություն է առաջացնում դրսի համար»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Վերջինս ասաց, որ այս ամենին զուգահեռ պետք է մտածել նաև ներքին աշխատուժի մասին, որովհետև աշխատանքային միգրացիան ներքին շուկան որոշակիորեն կդատարկի մեր մասնագետներից, ուստի վիզաների ազատականացումից առաջ պետք է կրթական համակարգն ավելի հստակ աշխատի, և խստացվեն պահանջները՝ աշխատաշուկան սնուցելու համար։
«Եթե մեր՝ առանց այդ էլ քիչ մասնագետները, որոնք որ կան շինարարության և արդյունաբերության տարբեր ճյուղերում, հեռանան, այդ դեպքում մեր տնտեսությունն ո՞վ պետք է սպասարկի։ Հետևաբար կառավարությունը պետք է հոգ տանի, որ տնտեսական աճի նմանատիպ ցուցանիշներ ապահովելու համար կամ պլանավորված ցուցանիշները, որ եկող տարվա համար դրված են, այդ ցուցանիշներին զուգահեռ պետք է լինեն նաև համապատասխան կրթական վերապատրաստման ծրագրեր, որոնցում պետությունը պետք է օգնի բիզնես ասոցիացիաներին, գործատուների միություններին և այլն, որ նաև մեզ նման կառույցները հոգ տանեն, որ աշխատուժը բալանսավորված լինի։ Ոչ թե բոլորը գնան, ու հետո այստեղ մասնագիտական վակուում առաջանա»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։
Լիլիթ Թադևոսյան
