Չնայած մшրտահրավերներին՝ Հայաստանի տնտեսությունը դրսևորում է բարձր դիմադրողականություն. նախարար

Չնայած մարտահրավերներին, հուրախություն բոլորիս, Հայաստանի տնտեսությունը դրսևորել է և շարունակում է դրսևորել բավականին բարձր դիմադրողականություն, այդ թվում՝ շնորհիվ Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից շարունակաբար իրականացվող արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների և համարժեք գործողությունների։

Այս մասին այսօր ԱԺ-ում «2024 թվականի բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ տնտեսական ակտիվության և աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ: Երկնիշ տնտեսական աճը պահպանվել է այս տարվա առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով արձանագրվել է 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ․ «Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է Կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակներում և ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել: 2024-ին ևս թիրախավորում ենք ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 մլրդ դրամ՝ ավելի լինելով 2023-ի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 մլրդ դրամով կամ 15,4 տոկոսով»:

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ չնայած տնտեսական աճի՝ զգալի մասն ապահովել է ծառայությունների ճյուղը, բարձր աճ է գրանցվել նաև շինարարության ճյուղում: Միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում, որի աճի տեմպի վերականգնման ուղղությամբ Կառավարությունը ջանքեր գործադրել է, և առաջիկայում ևս կլինեն հավելյալ միջոցառումներ: Հովհաննիսյանն ընդգծեց՝ տնտեսությունում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր՝ մեծացնելով ՀՀ տնտեսական ներուժը, մասնավորապես՝ արտահանման հնարավորություններն էապես մեծացել են, տպավորիչ են նաև զարգացումները ՏՏ ոլորտում:

«Կարևոր է արձանագրել, որ տնտեսական աճը, ՀՀ կառավարության հայտարարած քաղաքականությանը համահունչ, եղել է ներառական, քանի որ բարձր տնտեսական աճն ուղեկցվել է մի կողմից զբաղվածության աճով, մյուս կողմից՝ միջին աշխատավարձերի՝ գնաճի տեմպերն էապես գերազանցող աճով: 2023-ի հունվար-սեպտեմբերին վարձու աշխատողների թիվը շարունակել է աճել՝ արձանագրելով 5,7 տոկոս աճ, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 16,6 տոկոսով՝ կազմելով 262.789 դրամ, իսկ իրական աշխատավարձը 2,8 տոկոս գնաճի պայմաններում աճել է 13,4 տոկոսով»,- տեղեկացրեց նա։

Այս բյուջեն շարունակությունն է նախորդ տարի իրականացվող քաղաքականությունների, սա 2021-2026 թթ. Կառավարության երրորդ բյուջեն է և ամբողջությամբ համահունչ է թե՛ Կառավարության ծրագրի առաջնահերթություններին, թե՛ հունիս ամսին հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրին, ընդգծեց նախարարը։

2024-ին ծախսերը կկազմեն 3 տրիլիոն 17 միլիարդ դրամ՝ գերազանցելով 2023-ի ճշտված բյուջեի ծախսերը շուրջ 415 մլրդ դրամով կամ 16 տոկոսով, որից կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ՝ ավել լինելով 2023 թվականի կապիտալ ծախսերից 126 մլրդ դրամով կամ 22 տոկոսով․ «Կա մի կարևորագույն հարց, որին պարտավոր եմ անդրադառնալ. դա տնտեսական զարգացման ներկայացված սցենարի բյուջեի եկամտային մասի և մեր ռազմավարական ծախսերի իրականացման իրատեսականությունն է»։

Ըստ նրա՝ որպեսզի կարողանանք պահպանել տնտեսական աճը, առաջին հերթին պետք է կարողանանք ապահովել հարկային վարչարարության և քաղաքականության ճեղքերի նվազեցումը, դրամի արժևորման և դրանից բխող արտահանելի հատվածի գնային մրցունակությանը հակազդում՝ թիրախային աջակցության գործիքներով, պետք է իրականացվեն արտահանման խթանմանն աջակցող միջոցառումներ, աշխատանքներ են տարվելու նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ, պետք է շարունակվեն պետական համակարգի արդյունավետության բարձրացման բարեփոխումները:

Կիսվել սոց․ ցանցերում