«Վերջին երեք տարիների ամենաքննարկվող թեմաներից մեկը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, և Հայաստանում ու Հայաստանից դուրս ՀՀ կառավարությանը այդ թեմայով վերագրել են ամենատարբեր խոստումներ, ամենատարբեր պատրաստակամություններ, դավադրություններ և այսպես շարունակ»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ին առնչվող հարցին, վարչապետն ասաց. «Դրա ամենակարևոր քաղաքական գործառնական նշանակությունն այն է, որ մենք վիզուալ կերպով ցույց տանք՝ ինչ ենք ուզում, ինչ պատրաստակամություն ենք հայտնել և այլն»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մատների վրա կարելի է հաշվել այն երկրներին, որոնք միայն իրենց բանակի շնորհիվ կարող են իրենց անվտանգությունն ապահովել. «Խաղաղության օրակարգը և «Խաղաղության խաչմերուկ»-ը հենց անվտանգության մասին է:
Անվտանգության այն մոդելը, որի կիրառումից մենք պրոբլեմներ ենք ունեցել, եղել է այն, որ աջ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել, ձախ ենք պտտվել՝ մատ ենք թափ տվել: Ասել են՝ էս ինչի՞ հաշվին եք, է, տենց մատ թափ տալիս, ասել ենք՝ ո՞նց, չգիտե՞ք՝ ով ա մեր մեջքին կանգնած: Հետո երբ պահը եկել է, որ դա պետք է արտահայտվեր, ասել են՝ գիտեք, էսօր մենք զանգի ենք սպասում և չենք կարող ձեզ ոչ մի բան ասել»:
