Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխային. աղջիկը հիվանդանոցում է

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 46-ամյա Վահե Խ.-ն, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 10-ամյա աղջկա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար  Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի, ծառայության ավագ տեսուչ Հայկ Սողոյանի գլխավորությամբ:

Տեղում  ծառայություն են կատարել նույն դասակի պարեկ Արտյոմ Չաթոյանն ու Արթուր Վահանյանը:

Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է Եղեգնաձորի համայնքապետարանում՝ որպես տնտեսվար:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/11/15/1250198?fbclid=IwAR3aN9UKKa3io2glnXGCRQStNFbcR_mtc6jabDdByJukC_k4qYvIf32OBcA

Կիսվել սոց․ ցանցերում