ՀՀ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների հերթական նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով։
Վարչապետը ընդգծեց՝ սա պատմական ժամանակների պատմական բյուջե է։
«Բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ կրկնապատկվել է՝ ավելանալով շուրջ 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով, կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։ Կրկնապատկվում է նաև բյուջեի ծախսային մասը․ առողջապահության ծախսերը ավելի քան կրկնապատկվում են, մենք կրկնապատկում ենք առողջապահության հասանելիությունը մեր քաղաքացիների համար և սա մեր կարևորագույն հանձնառություններից է»,– ասաց նա։
Կառավարության ղեկավարը հիշեցրեց՝ 2018 թվականին երկրի կառավարումը ստանձնելով առաջ են քաշել այն թեզը, որ քաղաքացին չպետք է մնա հիվանդանոցների դռներին․ «Այսօր քաղաքացին չի մնում դռներին։ Վերջին տվյալներով՝ պետպատվերով առողջապահական պլանային ծառայությունների կարիք ունեցող անձինք հերթագրումից հետո մեկ ամսվա ընթացքում ստանում են այդ ծառայությունները։ Սա չի վերաբերվում անհետաձգելի ծառայություններին, որոնք մատուցվում են ըստ անհրաժեշտության։ Դրա արդյունքը տեսնում ենք այսօր․ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում նվազագաույն մահացությունն է գրանցվել վերջին վեց տարում, և բնական առավելագույն աճը»։
