Մեր բոլոր հարևանները համոզված են՝ մենք որևէ երկրի վրա չենք հարձակվելու․ վարչապետ

2024 թվականին 2018 թվականի բյուջեի հետ համեմատ ունենք բյուջեի կրկնապատկում ՊՆ ոլորտում։

Այս մասին այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը։

Վերջինս նկատեց՝  նման ծախսերը ոչ թե պատերազմի նախապատրաստությունն են, այլ խաղաղության, քանի որ քաղաքացիների պաշտպանության զգացումի համար խաղաղությունը կարևորագույն երաշխիքն է։

«Ես վստահ եմ, որ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ երկրի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք, և այդ առումով մեր զինված ուժերի և բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ անհանգստությունները անկեղծ չեմ համարում երկու պատճառով․

Յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքն է, այլ պարտականությունը բարեփոխել, ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք։

Վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի է եղել և ըստ էության շարունակում է այդպես մնալ»,– պարզաբանեց Փաշինյանը։

Կիսվել սոց․ ցանցերում