Կառավարությունն ընդունեց նախորդ նիստին հանված հարցը, որը վերաբերում է եկամտային հարկի վերադարձով բնակարան գնելուն

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջակեց քննարկել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը վերաբերում է եկամտային հարկի վերադարձի համակարգին՝ հիփոթեքային վարկերի մարման նպատակով։

Նկատենք, որ այս հարցը նախորդ նիստի ժամանակ հանվել էր օրակարգից, սակայն արձանագրվել է որ որևէ փոփոխության կարիք նախագիծը չունի։

Վարչապետի խոսքով՝ ըստ բովանդակության՝ ստացվում է, որ ժամկետները կապվում են հիփոթեքային վարկի ստացման հետ և՛ Երևանում, և՛ մարզերում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ մանրամասնեց․ «Օրենքը ընդունվել է 2021 թվականի նոյեմբերի 17-ին, և սահմանվել, որ եթե հիփոթեքային վարկը ստացվել է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, և անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքի առաջին գոտում, ապա օրենքը չի գործում, չի գործում նաև 2023 թվականի հունվարի 1-ից հետո, եթե գտնվում է Երևան քաղաքի 2-րդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1-ից հետո, եթե գտնվում է երրորդ գոտում և 2025 թվականին, եթե գտնվում է մնացած գոտիներում»։

Նրա խոսքով՝ բացառություն է գործում այն շենքերի նկատմամբ, որոնց շինթույլտվությունը ստացվել է 2022 թվականի հունվարից առաջ, այսինքն, եթե որևէ շենքի շինթույլտվությունը ստացվել է 2022 թվականի հունվարի 1-ից հետո, ապա գործում է հիփոթեքային վարկի ստացման ժամկետների հետ կապված կարգավորում, եթե ստացվել է 2022 թվականի հունվարից առաջ, ապա սահմանափակում չի գործում։

Արձագանքելով նախարարին՝ վարչապետը պարզաբանեց․ «Մենք կարգավորում ենք այն համամասնությունները, որով շինարարական ընկերությունները կարող են օգտագործել քաղաքացիների վերցրած հիփոթեքային վարկի գումարները՝ սպառողների իրավունքը պաշտպանելու համար։ 2025 թվականի հունվարի 1-ից գործելու է կարգավորում, որ նոր ձեռք բերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանը արդեն փաստացի բնակարանատիրոջը հանձնելուց հետո, որպեսզի բնակարան ձեռք բերած քաղաքացին տեսնի ու սեփական աչքերով արձանագրի, որ շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրին համապատասխան»։

2025 թվականի հունվարի 1-ից շինարարական կազմակերպությունները քաղաքացիների գումարները առանց լրացուցիչ նախապայմանների կարող են օգտագործել միայն 50 տոկոսով, մնացածը՝ ըստ շինարարության փաստացի կատարված ծախսերի, իսկ 2024 թվականի հուլիսի շինարարական կազմակերպությունները առանց պայմանի կարող են օգտագործել քաղաքացիների ներդրած գումարի 70 տոկոսը։

Կառավարությունն հաստատեց օրենքի նախագիծը:

Կիսվել սոց․ ցանցերում