«Ընդհանուր առմամբ հանրությունը կողմ է, որ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձի գործընթաց տեղի ունենա, բայց երբ այդ վերնագրի տակ կոնկրետ անուն-ազգանուն է հայտնվում, հայտնվում են բազմաթիվ պատճառներ, թե ինչու էդ դեպքը հենց էն դեպքը չի, և պետք է սկսել էն դեպքից ու ոչ թե էդ դեպքից»:
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարին Հայաստանում:
«Ասում ես անուն-ազգանուն, հեռախոսի համար, հասցե, պարզվում է, որ այդ մարդիկ ունեն համաշխարհային արժանիքներ, գլոբալ գործիչներ են հասարակական, և երկրագունդը կանգ կառնի, եթե մենք այդ մարդկանց նկատմամբ այդ միջոցները կիրառենք: Ուզում եմ ասել, որ սա անընդունելի է»,- նշեց նա:
Կառավարության ղեկավարը նաև նկատեց՝ որևէ մեկը չի կարող ասել, որ իրավապահ համակարգը Կառավարությունից ակնկալել է որևէ բան, ու չի տրվել դա:
«Խնդրում եմ ինձ տեղեկանք տվեք, թե 2018 թվականի համեմատ մենք ֆինանսավորումը ինչքան ենք ավելացրել, բայց սա շատ կոնկրետ նյարդ է առաջացնում և՛ հանրության, և՛ Կառավարության շրջանում: Երբեմն տպավորություն է, որ այդ ամբողջ դատական գործընթացների, քրեական գործերի նպատակն այն է, որ վերնագրեր հայտնվեն լրատվականներում ու վերջ, բոլորը դրա մասին մոռանան»,- ասաց Փաշինյանը՝ հրավիրելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ուշադրությունները այս հանգամանքի վրա:
Փաշինյանը նաև ասաց՝ ակնկալում է, որ անընդհատ այսպիսի որոշումներ ունենանք՝ օրինակ բվերելով ԱՕԿՍ-ի հայտնի շենքը, որի նկատմամբ Հայաստանի սեփականության իրավունքը վերականգնվել է:
«Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք մեր ժողովրդին խաբել ենք, ու մեկը համաշխարհային դեմք է, մեկը՝ ռեգիոնալ, մեկը՝ ազգային, մեկը՝ թաղային, մեկը՝ կրիմինալ, չի լինի սենց: Մարդիկ կան՝ մեզ դիմում են, մենք 7 հատոր փաստաթղթաշրջանառություն ենք կազմում, գրում՝ այդ հարցը չի լուծվի, հետո մի օր փողոցում տեսնում ասում են՝ դե մենք մեր ձևերով հարցը լուծեցինք: Սա ի՞նչ է նշանակում, ես չեմ համարում, որ ՀՀ-ում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է, կաշառք են վերցնում ով որտեղ պատահի: Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել, որ մենք գնանք մեր հրատապ գործերով զբաղվենք»,- շեշտեց վարչապետը:
