Այս փուլում Գյումրիից ռпւսական ռшզմшբազան հանելու հարցեր մեր օրակարգում չկան․ ԱԳ փոխնախարարը՝ Զատուլինի հայտարարությունների մասին

ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունները այն իրավիճակում, երբ փոխադարձ մեղադրանքներ են հնչում տարբեր պաշտոնյաների կողմից, ասաց, որ աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, բայց իրենք շարունակում են աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ։

Մեկնաբանելով նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությունները, թե Հայաստանն առաջիկայում  կդնի Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելու, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցեր, նախարարի տեղակալն ասաց, որ այս պահին, այս փուլում իրենց օրակարգում նման հարցեր չկան։

Իսկ հարցին, թե արդյոք կարելի՞ է «Զանգեզուրի միջանցքի» հարցը փակված համարել, քանի որ այլընտրանք է առաջարկում Իրանը, Մնացական Սաֆարյանն ասաց. «Հայաստանի Հանրապետության համար այս հարցում մոտեցումները բազմաթիվ անգամ հստակ նշվել են։

Վարչապետի կողմից ներկայացված «խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում շատ հստակ դրվել են բոլոր մոտեցումները տարածաշրջանի տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման կապակցությամբ. դա պետք է կատարվի Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա, որի վերաբերյալ Հայաստանը նույնպես շատ հստակ դիրքորոշում է արտահայտել»,- ասաց նախարարի տեղակալը։

Կիսվել սոց․ ցանցերում