«ՀՀ քաղաքացիների ամենամեծ պահանջը արդարությունն է: Պիտի նաև խոստովանեմ, որ մի շարք կոնկրետ քրեական գործեր մարդիկ ընկալում են որպես ինդիկատոր. մի խմբի համար դա ցուցիչ է, որովհետև եթե այդ մարդիկ ազատության մեջ են, ուրեմն ՀՀ-ում արդարություն չկա, այ երբ այդ մարդիկ չլինեն ազատության մեջ, ՀՀ-ում կլինի արդարություն»:
Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացու այն հարցին, թե հայ ժողովուրդը ակնկալում էր, որ արդարադատությունը կվերանգնվի, և բոլոր հանցագործները պատասխան կկրեն:
«Մինչդեռ ՀՀ-ում բոլորիս հայտնի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը և մի շարք այլ պաշտոնյաներ, որ գտնվում են Կրեմլի հովանու ներքո և անցնում են քրեական գործերով, մինչ օրս չկա որևէ օրինական դատավճիռ, ե՞րբ են պատասխան կրելու վերը նշված անձինք, արդյոք կրելո՞ւ են, թե՞ ոչ»,- հարցրեց քաղաքացին՝ հավելելով, որ պողպատե մուրճը չի գործում:
Արձագանքելով՝ վարչապետն ասաց. «Ես այսօր էլ ընդունում եմ, որ երկրում պետք է լինի արդարություն, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ արդարությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, ոչ թե մենք՝ Կառավարությունով, ժողովրդով, խորհրդարանական մեծամասնությամբ, գնանք ու իրականացնենք մեր պատկերացրած արդարությունը, այլ երկրում արդարադատությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, և այդ ինստիտուտի կայացման գործում մենք ահռելի մեծ գործ ենք արել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Օրինակ՝ Արևելյան գործընկերության վերջին հետազոտություններով՝ մենք առաջատար երկիր էինք դատաիրավական համակարգի բարեփոխումների իմաստով, բայց մյուս կողմից ես, իհարկե, համաձայն եմ ձեզ հետ, Կառավարության երեկվա նիստում էլ մենք այդ թեմային անդրադարձ ունեցանք»:
Վարչապետը նաև նկատեց՝ «մարդիկ կան ասում են՝ մոռացա՞ր՝ ինչ էիր ասում, ո՛չ, ոչ մի բան էլ չեմ մոռացել և չի մոռացվի»:
«Այլ բան է, որ այն ասելու ժամանակ ես մարդ էի, որը իրավունք ուներ անել ցանկացած բան, որը արգելված չէր օրենքով, հիմա ես մարդ եմ, որ կարող է անել միայն այնպիսի բաներ, որոնք թույլատրված են օրենքով: Եվ այս առումով ես պետք է շատ ուշադիր լինեմ այդօրինակ հարցերին արձագանքելիս, այդ թվում՝ մեր երկրի ժողովրդավարական էությունը միջազգային ասպարեզում չվնասելու համար»,- ընդգծեց նա:
Կառավարության ղեկավարը նաև նկատեց. «Օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը, և շատ դեպքերում կա այս ճանապարհը, որ գնանք, էս անենք, էն անենք, և կա երկրորդ ճանապարհը՝ ինստիտուտներ ստեղծենք և այդ ինստիտուտների առաջ դնենք խնդիրներ, բայց ոչ թե մարդկանց անուն-ազգանուններ տանք ու ասենք՝ սրան դատել, սրան՝ ոչ, սրան՝ այսքան, սրան՝ այսքան, այլ պահանջենք արդարություն և արդարադատություն, որովհետև հանցագործները չեն փախչի ոչ մի տեղ և կարժանանան իրենց պատժին»:
Վարչապետը վերահաստատեց՝ ունենք տասնյակ քրեական գործեր, բայց չունենք դատավճիռներ, և սա մեծ պրոբլեմ է, որ իրեն էլ է անհանգստացնում. «Բայց ես իրավասու եմ կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնցով լիազորված եմ օրենքով: Մենք ուզո՞ւմ ենք՝ ես այդ գործողությունների գիծն անցնեմ, մենք այդ դեպքում ժողովրդավարությունը կկորցնենք ու կդառնանք դիկտատուրա, իսկ դա մեր պետության լինելիության-չլինելիության հարցն է, որովհետև այսօր մենք մարտահրավերներին դիմակայում ենք միայն ժողովրդավարության շնորհիվ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
