ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պատասխանելով քաղաքացիների՝ տեսաուղերձով ուղարկված հարցերին, անդրադարձավ ուսուցիչների ատեստավորման գործընթացին։
Հարց ուղարկած ուսուցիչը վարչապետին խնդրեց հնարավորություն տալ այն մակվարժներին, որոնք չեն հաղթահարում ատեստավորման համար սահմանված տոկոսը, սակայն ունեն տարիների փորձ․ «Հնարավորություն տալ, որ մեկ տարի ևս ուսուցիչը աշխատի դպրոցում և դրանով նա կունենա պատասխանատվություն ավելի շատ ինքնակրթությամբ զբաղվելու համար»։
Կառավարության ղեկավարը պարզաբանեց՝ ատեստավորման նպատակնն այն չէ, որ ուսուցիչները դժվարությամբ ստանան աշխատավարձի բարձրացման գումարը, այլ գիտակցեն, որ ժողովրդի շահերը նույնպես կարևոր են․ «Ուզում ենք, որ դասարան մտնող ուսուցիչը համապատասխանի որոշակի չափանիշների, որովհետև մի գիծ կա, որից ներքև չի կարող լինել ուսուցիչը։ Չպետք է երեխայի կրթության հարցում անսկզբունքայնություն դրսևորել, որովհետև մենք նրանց կդատապարտենք աղքատության։ Ժամանակակից աշխարհում աղքատության հիմնական պատճառը կրթության և դրա որակի բացակայությունն է։ Չենք կարող երեխային դատապարտել աղքատության, դա նշանակում է դատապարտել պետությանը ոչնչացման, խոսքը մեր երկրի ապագայի մասին է»։
Մանրամասները՝ տեսանյութում:
