Ինչո՞ւ չեն կիրառվում բանակում այն զարգացած երկրների մոդելները, ինչպիսիք են Շվեյացարիան։
Հարցին այսօր անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով տեսաուղերձով ուղարկած քաղաքացու հարցին։
Կառավարության ղեկավարը նշեց՝ ՀՀ զինված ուժերում տեղի են ունենում հսկայածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ միջազգային փորձը ուսումնասիրելով:
«Վերջերս ներդրել ենք 24-օրյա վարժական հավաքների մեխանիզմը, որի նպատակներից մեկը շվեյցարական մոդելի ուղղությամբ գնալն է, որտեղ մեր պահեստազորը՝ ՄՈԲ-ը, ժամանակ առ ժամանակ մասնակցում է վարժական հավաքներին, որպեսզի տիրապետի զինվորական որոշակի հմտությունների»,- ասաց նա։
Նա այս համատեքստում կարևորեց նաև զինվորականների ատեստավորման գործընթացը․ «Ատեստավորման գործընթացով էականորեն բարձրացնում ենք զինվորականների աշխատավարձը։ Այստեղ խնդիր կա, թե ինչու պարզապես չենք բարձրացնում աշխատավարձը, շատ պարզ պատճառով․ ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում ենք պետության անվտանգությունը պահպանելու պարտավորությունը, իրենց ուսերին կարող են կրել այդ բեռը։ Մենք չենք ուզում փակ աչքերով բարձրացնել աշխատավարձը, դա ճիշտ չէ, հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե պետությունը վստահել է ինչ-որ մեկին պահպանել երկրի անվտանգությունը, ապա մեր հայրենակիցը կարող է կրել այդ պատասխանատվությունը»։
Ըստ վարչապետի՝ դեպքեր են լինում, երբ մարդ չգիտի, թե ինչ է զինվորական գործը։
