Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Սամվել Շահրամանյանին քննելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նոյեմբերի 27-ին և 29-ին ևս հրավիրյալներ կունենան հանձնաժողով, իսկ հանձնաժողովի լիազորությունները կդադարեն դեկտեմբերի 3-ին, որից հետո կանցնեն զեկույցը պատրաստելու աշխատանքներին։
Նոյեմբերի 27-ին՝ երկուշաբթի օրը, քննիչ հանձնաժողով ներկայանալու ցանկություն է հայտնել Արցախի ՊԲ դիվիզիայի հրամանատարներից մեկը՝ Հադրութի դիվիզիայի հրամանատարը։ Հանձնաժողով ներկայանալու ցանկություն է հայտնել նաև Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Քոչարյանն ասաց, որ Ջալալ Հարությունյանն է ցանկություն հայտնել ներկայանալու հանձնաժողով՝ եթե մինչև դեկտեմբերի 3-ը հասցնեն կազմակերպել նրա գալը։
Անդրանիկ Քոչարյանը նշեց նաև, որ Սամվել Շահրամանյանը ներկայացրել է նաև Ստեփանակերտում բենզինի պայթյունի հետ կապված մանրամասներ։
Մանրամասն քննարկվել է նաև Արցախի նախկին նախագահների՝ Բաքվի կողմից ձերբակալվելու, գերեվարվելու պատճառները, ինչպես նաև այն, թե ինչպես է Սամվել Շահրամանյանին հաջողվել ուղղաթիռով գալ Հայաստան, իսկ գերեվարված պաշտոնյաներին դա անել չի հաջողվել։
Անդրանիկ Քոչարյանը վստահ է, որ հանձնաժողովի պատրաստած զեկույցի հիման վրա Գլխավոր դատախազությունը հիմքեր կունենա նոր քրեական վարույթներ հարուցելու։ Նա նշեց նաև, որ անպայման կընդունեն այն օրենքը, որով քննիչ հանձնաժողովներ հրավիրվողները իրավունք չեն ունենա հրաժարվելու ներկայանալուց։
