Փորձել եմ մի քանի անգամ ինձ համար որպես վարժություն փոփոխել օրհներգը, բայց չի հաջողվել․ Փաշինյան

Պաշտոնական մակարդակում պետական սիմվոլների փոփոխության մասին խուսափել ենք խոսել, բայց ոչ պաշտոնական մակարդակում վարչապետությունը ստանձնելուց եւ՛ հետո, եւ՛ առաջ, եւ՛ լրագրող եղած ժամանակ, եւ՛ դրանից առաջ անընդհատ այդ խնդիրը եղել է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում տեսահարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է Հայաստանը նոր օրհներգ ունենալու։

«Ինձ համար պետության սիմվոլները իրենց բովանդակությամբ չափազանց կարեւոր են։ Պաշտոնական մակարդակում մենք խուսափել ենք սրա մասին խոսելուց, բայց ոչ պաշտոնական մակարդակում վարչապետությունը ստանձնելուց եւ՛ հետո, եւ՛ առաջ, եւ՛ լրագրող եղած ժամանակ, եւ՛ դրանից առաջ անընդհատ այդ խնդիրը եղել է, որովհետեւ մեր օրհներգի տեքստի մեջ կառուցվածքի եւ պետական տրամաբանության մեջ մարդիկ հաճախ որոշակի խնդիր են տեսնում։ Ինքս լրագրող լինելով նաեւ ինչ-որ չափով գրելու հետ առնչություն ունեցած լինելով՝ ես խորը հավատում եմ բառերի գենետիկ նշանակությանը, հատկապես պետական սիմվոլներին։ Ես համոզված եմ, որ այդ նախադասությունների մեջ կոդ է դրված, որը աշխատում է ինչ-որ ձեւով, որովհետեւ դա ազդակ է մեր բոլորի ենթագիտակցությանը։ Օրհներգը, որը հիմա ունենք, 3-րդ Հանրապետության ժամանակներում տարբերակված, վերափոխված տարբերակ է, որովհետեւ ի սկզբանե այդ օրհներգի բառերը եղել են այսպիսին՝ «մեր հայրենիք, թշվառ անտեր, յուր թշնամյաց ոտնակոխ, յուր որդիքը առկանչում է՝ հանել յուր վրեժ, քեն ու ոխ», հետո 3-րդ Հանրապետության մեկնարկին համարվել է, որ պետք է փոխել։ ճիշտն ասած՝ մենք ճիշտ տրամաբանություն չենք կարողացել ստանալ»,- նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ մի քանի անգամ փորձել է օրհներգի տեքստը փոփոխել, սակայն իր մոտ չի հաջողվել․ «Ինքս էլ փորձել եմ մի քանի անգամ ինձ համա՝ր որպես աշխատանք, որպես մարդ, որը մի քանի բանաստեղծություն ու գիրք ունի գրած, փորձել եմ այդ վարժությունը կատարել, ճիշտն ասած հաջողություն չեմ գրանցել։ Այնուամենայնիվ մենք պետք է հաշվի նստենք մեր օրհներգի ու սիմվոլների, ավանդույթի եւ պատմության հետ»։

Կիսվել սոց․ ցանցերում