Հայտնվել են մատիտ բռնող կիսագրագետներ, ու ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա. Կամո Արեյան

Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նկատեց՝ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում հայտնվել են ուղղակի մատիտ բռնող կիսագրագետներ, ու ապշեցնում է, թե դրանք ինչպես են ստացել լիցենզիա:

«Աշխատանքի ամբողջ անորակությունը, բարդությունը գալիս է այս նախագծերի անորակությունից, ուստի մեր խնդրանքն է, որ այդ նախագծերը պարզապես չընդունվեն»,- ասաց Արեյանը:

Վերջինս նաև շեշտեց՝ հաջորդ կարևոր հանգամանք այն է, որ մեր վարչական շրջանների ղեկավարներն ու վարչության պետերը պետք է ուղղակի բնության մեջ նախագծողի հետ լինեն տեղում. «Երբեմն ուղղակի անընդունելի անհամապատասխանություններ են բերում ներկայացնում վարչականի ղեկավարներին նախագծողները, հետո վարչականի ղեկավարն ավելի ճիշտ է ուղղում այդ նախագիծը, քան նախագծողն է իրականացնում»:

Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց՝ իրականում շատ խնդիրներ գալիս են նախագծման փուլից:

«5 աշխատակից ունեցող տեխ. հսկողը մեր 105 ընթացիկ աշխատանքներն է հսկում: Այսինքն՝ պարզ է, չէ, որ այդ 5 աշխատակցով մարդը գրասենյակից դուրս չի եկել, թուղթ է մրել: Հետևապես առաջին հերթին պահանջը մեր նկատմամբ՝ և՛ նախագծային աշխատանքների նկատմամբ տեխնիկական առաջադրանքները վերանայել, և՛ տեխ. հսկողների նկատմամբ տեխնիկական առաջադրանքները վերանայել: Սա ապրանք չէ, ծառայություն է»,- շեշտեց Ավինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում