«ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն պետությունից ստացել է 835, 359, 844 (ութ հարյուր երեսուն միլիոն երեք հարյուր հիսունինը հազար ութ հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ

Ինչի՞ դիմաց է պետությունը  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ին  վճարել ահռելի գումարներ

Հայաստանում  գազի ներտնային սպասարկման  ոլորտում կոռուպցիոն  ռիսկերը  և  չարաշահումները բացահայտելու նպատակով  Lragrogh.com-որոշեց հետաքննություն անցկացնել  տարբեր պետական հիմնարկներում: Մեր այցելած հիմնարկներից մանկապարտեզների տնօրենները, հիմնականում խուսափեցին պատասխանել «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ»   ՍՊԸ-ի  գործունեությանը վերաբերող հարցերին, թեև նրանցից  ոմանք նախկինում պայմանագրեր էին կնքել այդ ընկերության հետ: Նրանք մեզ խորհուրդ տվեցին բոլոր հարցերի պատասխանները ստանալ տվյալ վարչական շրջանի ղեկավարությունից:

Մենք փորձեցինք նախևառաջ համացանցի միջոցով ծանոթանալ, թե ինչ գործունեություն է իրականացրել  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ն, որն է նրա ՕԳԳ-ն:

Պարզվում է, որ  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ն ստեղծվել է 2007թ., նրա գործունեությունը, ըստ շրջանառվող  լուրերի,  կապվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի  հետ, որը 2001-2010թթ. եղել է   «ՀայՌուսգազարդ » (ներկայիս  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ) վարչության նախագահ, գլխավոր տնօրեն:   ՍՊԸ-ն գործում է ՀՀ ողջ տարածքում, ունի 15 տարածք և նրանց կազմում 38 տեղամասային ծառայություններ, որոնք սպասարկում են 723 հազար բնակիչ-բաժանորդների և մոտ 6000 բաժանորդ-կազմակերպությունների: ՍՊԸ-ն սպասարկում է նաև բնական գազը կենցաղային նպատակով օգտագործող հասարակական օբյեկտներին: Համաձայն  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ կայքի` իր և   «ՀայՌուսգազարդ » ՓԲԸ-ի (ներկայիս  «Գազպրոմ Արմենիա » ՓԲԸ  ) միջև 02.07.2007թ. կնքվել է «Հանձնարարության պայմանագիր»: Սակայն որևէ տեղ այդ պայմանագիրը  հրապարակված չէ, ինչպես նաև  հրապարակված չեն  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ի ընտրության վերաբերյալ ընթացակարգի փաստաթղթերը, համապատասխան որոշումը և սպասարկող անձի ընտրության չափորոշիչները: ՍՊԸ-ն ընտրվել է առանց որևէ հրապարակային մրցույթի:

Ըստ  «Հայկական ժամանակ » օրաթերթի 30.09.2019թ. հրապարակման` «Գազպրոմ-Արմենիա »-ն արդեն տևական ժամանակ խոչընդոտում է գազի ներտնային սպասարկում իրականացնող  «Էկոնոմգազ Սերվիս » ՍՊԸ-ի աշխատանքին` նրանց հետ պայմանագիր կնքող բաժանորդների գազն անջատելով: Այդ մասին  «ՀԺ »-ին ասել է  «Էկոնոմգազ Սերվիս » ընկերության հիմնադիր-տնօրեն Դանիել Զաքարյանը: 2004-2006թթ. Զաքարյանին էր պատկանում   «Աշլիդ » ՍՊԸ-ն, որը Երեւանում ներտնային գազամատակարարում էր  իրականացնում: Նրա խոսքով` մենաշնորհի պատճառով այդ ոլորտը տրվեց   «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ին, իսկ իր ընկերությունը դուրս մղվեց  շուկայից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ`2007թ. նոյեմբերից գազի ներտնային ցանցի սպասարկումը հանձնվեց  «ՀայՌուսգազարդ»-ին  (այժմ`«Գազպրոմ Արմենիա »): Իսկ  «ՀայՌուսգազարդ »-ը ստեղծեց նոր ընկերություն և  այդ դաշտը հանձնեց  «ԷՅ-Ի-ՋԻ- ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ին: Նույն հրապարակման մեջ Դանիել Զաքարյանը նշել է, որ մարզերում շատ մարդիկ են իրենց հետ պայմանագիր կնքել` մոտ 20 հազար բաժանորդ ունեն, սակայն   «Գազպրոմ Արմենիա »-ն խոչընդոտում է իրենց աշխատանքը:

«Հետք »  պարբերականի  ««Գազպրոմ Արմենիա »-ն ապօրինի պարտականություններ է դրել հսկիչների  վրա»  (19.05.2016թ.)      հրապարակման համաձայն`«Գազպրոմ Արմենիա » ՓԲԸ-ի նախկին աշխատակից , հսկիչ Գայանե Կիրակոսյանին ստիպել են թողնել աշխատանքը` պատճառաբանելով, որ վատ է կատարում մի շարք գործողություններ, որոնք, սակայն, իր պարտականությունների մեջ չեն մտնում:

«Ինձ  334 հատ գազի ներտնային խախտումների արձանագրություն են տվել, որոնցից  33-ի թերությունները վերացրած հանձնել եմ իրենց, բայց  ներտնային ծառայություններ մատուցելն ու թերություն վերացնելն իմ պարտականությունների մեջ չի մտնում: Այն, ինչում մեղադրում են, թե թերացել եմ, իմ աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում »,- ասել է Գայանեն:

Նույն պարբերականի   «Մենաշնորհի պայքար. գազի սպասարկման աշխատակիցներն անջատել են բնակչի գազը այլ սպասարկողի ընտրելու համար»  (22.08.2018թ.) հրապարակման մեջ նշվում է, որ ներտնային գազասպասարկում իրականացնող  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ի   աշխատակիցներն օրերս անջատել են Սեւանի բնակիչ, 69-ամյա Անահիտ Սարգսյանի տան գազամատակարարումը: Բնակչուհին, սակայն, ո՛չ գազի, ո՛չ էլ սպասարկման համար գանձվող պարտք չի ունեցել: Ավելին` 1250 դրամ կանխավճար է ունեցել: Ընդամենը որոշել է խզել պայմանագիրը   «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ի   հետ և  նոր պայմանագիր կնքել  «Էկոնոմգազ-սերվիս » ՍՊԸ-ի հետ, որը նույնպես իրականացնում է գազամատակարարման ծառայություններ:

20.06.2020թ.  ճգնաժամային  կառավարման  ազգային կենտրոն ահազանգ է   ստացվել, որ Երևանի Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում` ոստիկանության վարչության շենքի տանիքից  ծուխ է նկատվում: Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեում`ՀՀ ոստիկանության շենքի խոհանոցի ծխատարում, ծխացել է յուղի նստվածք, որն էլ թողել է հրդեհի տպավորություն:

Իսկ օրեր առաջ էլ` ապրիլի 23-ին, ժամը 13.20-ի սահմաններում, ՀՀ  Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում գործող  «ՍԱՍ » ֆուդ-կորտի տարածքում ծուխ է նկատվում: Պարզվել է`այրվել են ծխատար խողովակի մեջ կուտակված յուղային շերտը և վառարանում կերակուրը:

Ըստ մամուլի հրապարակումների` դեռևս 2019թ. կառավարությունում քննարկվել էր, որ գազի ներտնային սպասարկումն իրականացնի ԱԻՆ-ը, իսկ մասնավոր  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ընկերությունը փակվի: Վարչապետը հանձնարարել էր Պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ սկսել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում`քննարկումներ անցկացնել ներտնային սպասարկման վերաբերյալ:

Lragrogh.com-ը ս.թ. ապրիլի 19-ին այցելեց  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ ՝ ընկերության տնօրեն Արման Նալբանդյանից որոշակի հարցերին պարզաբանում ստանալու նպատակով , մասնավորապես հարցերի մեջ ներառված էր, թե արդյո՞ք ղեկավարությունը տեղյակ է իր աշխատակից, բաժանորդների սպասարկման պետ Վահագն Դավթի Բաղդասարյանը ունի սեփական   «Հրշեջ անվտանգության մասնագիտացված  ծառայություն » ՍՊ ընկերությունը և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամ ըստ էության կատարելով այն գործառույթը որն իրականացնում  նաև «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » -ը , և այդ կերպ կարող է «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ի  բարի համբավը կարող է օգտագործել  իր սեփական բիզնեսի համար, ինչն էլ ստվեր է գցում  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ի  գործունեության վրա: Հարցադրումների մեջ ներառված էր նաև ընկերությունների միջև փոխկապակցվածության առկայությանը, որպես ստվերային հովանավոր:

Ս.թ. ապրիլի 20-ին առ AEb 01/02/ 218 գրությամբ` «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ից ստացանք հետևյալ պատասխանը.  «ՀՀ  ցանկացած քաղաքացի, այդ թվում` մեր ՍՊԸ-ի աշխատակից Վահագն Դավթի Բաղդասարյանը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ`բացառությամբ օրենքով արգելված դեպքերի: Ես, որպես «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, իրավունք չունեմ արգելելու կամ խոչընդոտելու Վահագն  Բաղդասարյանի ձեռնարկատիրական գործունեությունը, առավել ևս, որ այդ գործունեությունը որևէ ձևով չի առնչվում ո՛չ  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ի, ո՛չ էլ  «Գազպրոմ Արմենիա » ՓԲԸ-ի գործունեությանը:  Որքանով որ ես տեղյակ եմ`«Հրշեջ անվտանգության մասնագիտացված ծառայություն » ՍՊԸ-ից  բացի նմանատիպ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում են բազմաթիվ այլ ընկերություններ:

  1. Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ի գործարար համբավին և Վահագն Բաղդասարյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմանը, մեկ անգամ ևս վստահեցնում եմ, որ Ձեր կողմից մատնանշված հանգամանքը որևէ ձեւով չի առնչվում մեր ընկերության կողմից  իրականացվող գործունեությանը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մեր ընկերության գործարար համբավը պայմանավորված է միայն ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարմամբ:
  2. Ինչ վերաբերում է իմ կողմից անձնական շահ հետապնդելուն, շահագրգիռ կողմ և ստվերային հովանավոր հանդիսանալուն, ապա դա նվազագույնը կոռեկտ չէ, ինչը պարունակում է մեր ընկերության գործարար համբավը և իմ անունը արատավորելու երանգներ»:

Փաստացի ուսումնասիրությամբ պարզեցինք, որ երկու կազմակերպությունները միաժամանակ  կատարում են նույն գործունեությունը, ընդ որում նույն հիմնարկին նույն ժամանակահատվածում մատուցում են նույն ծառայությունը, որպես վառ օրինակ՝ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ի կողմից հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Իջևանի մասնաճյուղում, Երիտասարդական  1 հասցեում 20.02.2023թ. կնքված թիվ  կ 11-0546 պայմանագրի 1-2 կետի բ. ենթակետի  համաձայն` ընկերությունն իրականացնում է գազասարքերի ծխատար խողովակների հավաքակցում,  ծխատար ուղղուն միացում, օդափոխությանը և այրմանն անհրաժեշտ օդաքանակի ներուժի համար նախատեսված  բացվածքների զննում, ծխաօդատար ուղիների քաշի ստուգում: Նշված պայմանագիրը, համաձայն նույն պայմանագրի 1.4 կետի` կնքվել է երեք տարի ժամկետով, և, համաձայն պայմանագրի անբաժանելի մաս համարվող թիվ 1 հավելվածի` գազասպառման ամիսները  5.1-ում  նշվել են հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները:

Մյուս ընկերությունը՝ «Հրշեջ անվտանգության մասնագիտացված  ծառայություն » ՍՊԸ-ն  Հարկադիր կատարումն  ապահովող  ծառայության հետ  09.11.2022թ. կնքել է թիվ  6819122 պայմանագիր , որում 1.2 կետի  ա. ենթակետի համաձայն`ՀՀ կառավարության  2005թ. դեկտեմբերի 22-ի թիվ  2399-Ն որոշմամբ հաստատված անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգով նախատեսված աշխատանքները պարբերաբար իրականացվում են ծխաօդատար ուղիների սեփականատիրոջ միջոցների հաշվին:

Այս պայմանագրի ժամկետը համաձայն նույն պայմանագրի 1.3 կետի` մեկ տարի է,  կնքման պահից:

 

Այսինքն երկու ընկերությունները նույն գործառույթն իրականացնելու համար կնքել են նույն Պատվիրատուի հետ պայմանագիր, այն պարագայում երբ նախորդ պայմանագիրը դեռ գործողության մեջ է և երկու անգամ Պատվիրատու պետական կառույցը պետբյուջեից վճարել է կրկնակի վճար:

Ավելին՝

«Հրշեջ անվտանգության մասնագիտացված  ծառայություն » ՍՊԸ-ն  Երևանի թիվ 106  և թիվ 107 մանկապարտեզների հետ ս.թ. մարտի 27-ին կնքել է պայմանագիր, ըստ որի` տրամադրվել է հանձնման-ընդունման արձանագրություն, կատարման ժամկետ է նշված 27.03.2023թ., իսկ փաստացի վճարման ժամկետը` 2023թ. սեպտեմբերը:

Այդ ընթացքում Երեւանի թիվ 106 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին  11.09.2023 թվականից մինչեւ 2024թ.  տրամադրվել է տեխնիկական վիճակի մասին թիվ N006946 ակտը, որում հստակ նշված է տեխնիկական վիճակի սարքին, ինչպես նաև` մաքուր լինելու փաստը, այսինքն դեռ 2023 թվականի սեպտեմբեր ամիսը չեկած տրամադրվել է ակտ սեպտեմբերին ստուգում անցկացնելու և տեխնիկական վիճակի մասին: Մեկ այլ դրվագ՝  Երեւանի  թիվ 107 մանկապարտեզ  ՀՈԱԿ-ին տրամադրվել է նույնաբովանդակ թիվ N006945 ակտը՝՝  Երեւանի  թիվ 111 մանկապարտեզ  ՀՈԱԿ-ին կրկին տրամադրվել է  նույնաբովանդակ թիվ N006941 ակտը կրկին ապագայի համար: Մեկ ուրիշ դրվագում՝ Երեւանի թիվ 113 մանկապարտեզ ՀՈԱԿ-ին  ևս 11.09.2023 թվականից մինչեւ 2024թ.  տրամադրվել է տեխնիկական վիճակի մասին թիվ N006939 ակտը և այսպես շարունակ կարելի է թվել:

Կրկին ընդգծենք կարևոր հանգամանք հանդիսացող այն փաստը , որ տեխնիկական վիճակի մասին ակտերը որոնցում հստակ նշված են տեխնիկական վիճակի սարքին, ինչպես նաեւ` մաքուր լինելու փաստը տրամադրել են ապագայի համար ,որ իբր  ստուգվել և տրվել է 11.09.2023 թվականին, և ուժի մեջ է մինչև 11.09. 2024 թվականը,  բայց ֆիքսենք այն փաստը,  որ մենք այդ ակտերը արձանագրել ենք 19.04.2023 թվականին: Ինչպե՞ս  հասկանանք՝  դեռ սեպտեմբեր ամիսը չեկած տրամադրվել է ակտ այդ ժամանակահատվածի համար մաքրված և սպասարկված լինելու մասին: Եվ  սա ընդամենը  մի քանի դրվագ է,  կարծում ենք՝ էլի կլինեն նմանատիպ դեպքեր …. Միգուցե սա  փաստաթղթի կեղծի՞ք է:

Հաշվի առնելով վերոգրյալը`կարելի է եզրակացնել, որ կազմակերպությունը տրամադրում է ակտեր ապագայի համար, փաստացի չիրականացնելով որևէ ծառայություն, չկատարելով որևէ աշխատանք տրամադրում է կեղծ ոչ իրական տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, իսկ նման անպատասխանատու վարքի պատճառով կարող են տեղի ունենալ դժբախտ պատահարներ, առավել ևս` մանկապարտեզներում, դպրոցներում որտեղ հաճախում են անպաշտպան երեխաներ: Մեր տեղեկություններով`«Գազպրոմ Արմենիա » ՓԲԸ-ն և  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ն պատասխանատվություն չեն կրում  «Հրշեջ անվտանգության  մասնագիտացված  ծառայություն » ՍՊԸ-ի և  նմանատիպ այլ կազմակերպությունների կողմից տրամադրված ակտերի համար:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ հիշեցնենք Կարեն Կարապետյանը որպես Երեւանի քաղաքապետ պաշտոնավարել է 17.12.2010թ. մինջը 28.10.2011թվականներին և Երևանի քաղաքապետարանի բյուջեից 2011թ․ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ին փոխանցվել է 210. 987. 600 (երկու հարյուր տասը միլիոն ինը հարյուր ութանասունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ գումար։ Ըստ շրջանառվող լուրերի՝ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն պատկանում է Կարեն Կարապետյանին։

Իսկ ահա  «Հրշեջ անվտանգության  մասնագիտացված  ծառայություն » ՍՊԸ-ին պետությունից փոխանցվել է 65.594.380  (վաթսունհինգ միլիոն հինգ հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր ութանասուն) ՀՀ դրամ գումար:

Ստույգ տվյալներով` պետությունը  մինչ օրս  «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց վճարել է 835, 359, 844 (ութ հարյուր երեսուն միլիոն երեք հարյուր հիսունինը հազար ութ հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ գումար մինչդեռ, մեր կարծիքով, այդ ծառայությունը կարող էր վերապահվել պետական որևէ գերատեսչության, օրինակ` այդ նույն ծառայությունները կարող էր մատուցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, և վճարված բավական մեծ այդ գումարները կարող էին ուղղվել առավել առաջնային օղակների՝ օրինակ բանակի ֆինանսավորմանը այլ ոչ վերը նշավ երկու ընկերություններին: ,

Երևանի քաղաքապետարանի ամբողջ գործունեության պատմության մեջ ամենախոշոր դրամական փոխանցումը «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ » ՍՊԸ-ին  կատարվել է 2011 թվականի ընթացքում՝ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում:

Ֆիքսենք որ այս տարիների ընթացքում վերը նշված երկու ընկերություններին պետական բյուջեից ընդհանուր վճարվել է 900.954.224 (ինը հարյուր միիոն ինը հարյուր հիսունչորս հազար երկու հարյուր քսանչորս ) ՀՀ դրամ գումար:

Սա՛ է նախկին ռեժիմի դեմքը……

Նախկին, ինչպես նաև ներկա իշխանությունների օրոք,  ՀՀ կառավարության կողմից ընդունված ներքոնշյալ որոշումների կետերի համաձայն՝  ԲԲՇ-ներում չգտնվող կազմակերպությունների գազասարքավորումների անվտանգ շահագործման պատասխանատվությունը կրում է տվյալ կազմակերպության ղեկավարը, որն  իր կազմակերպության ուժերով կամ տվյալ ոլորտում լիցենզավորված ցանկացած կազմակերպության հետ պայմանագրային հիմունքներով պետք է կազմակերպի տվյալ աշխատանքները: Այդպիսի լիցենզավորված կազմակերպությունների թվին է պատկանում նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:՝

  1. 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 2399-Ն որոշման II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնի 12) կետի համաձայն՝

12) Գազասպառման համակարգերի շահագործման ընթացքում անվտանգության ապահովումը վերապահվում է դրանց սեփականատեր հանդիսացող կազմակերպություններին: Բացառություն են կազմում բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում տեղակայված կազմակերպությունների և առանձնատների ներտնային գազասպառման համակարգերը, որոնց շահագործման ընթացքում անվտանգությունը ապահովվում է գազամատակարարող կազմակերպության կողմից: Գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի շինմոնտաժային աշխատանքների որակի ապահովումը վերապահվում է գազիֆիկացման աշխատանքները իրականացնող կազմակերպություններին: Կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են կազմակերպել և անցկացնել գազի տնտեսության վիճակի վերահսկողություն և հետևել գազատարերի, սարքավորումների և գազօգտագործող ագրեգատների շինարարության /մոնտաժի/ և շահագործման կանոնների, նորմերի և հրահանգների պատշաճ կատարմանը, ինչպես նաև ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի թիվ 702 որոշման համաձայն կազմեն և հաստատեն արդյունաբերական օբյեկտների անվտանգության վկայագիրը:

  1. 2023 թվականի ապրիլի 13-ի «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին»” N-539-Ն ընդունված որոշման 12 կետի՝
  2. Գազասպառման համակարգերի շահագործման ընթացքում անվտանգության ապահովումը վերապահվում է դրանց սեփականատեր հանդիսացող կազմակերպություններին: Բացառություն են կազմում բնակելի շենքերի բնակարանների, բնակելի շենքերում տեղակայված կազմակերպությունների և առանձնատների ներտնային գազասպառման համակարգերը, որոնց շահագործման ընթացքում անվտանգությունը ապահովվում է գազամատակարարող կազմակերպության կողմից: Գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի շինմոնտաժային աշխատանքների որակի ապահովումը վերապահվում է գազիֆիկացման աշխատանքները իրականացնող կազմակերպություններին:

Կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են կազմակերպել և անցկացնել ԳՏ վիճակի վերահսկողություն և հետևել գազատարների, սարքավորումների և գազօգտագործող ագրեգատների հավաքակցմանը և շահագործման կանոնների, նորմերի և հրահանգների պատշաճ կատարմանը:

Հարց  քաղաքացիներին: Ի՞նչ եք կարծում` վերոնշյալ ոլորտում առկա՞ են, արդյոք, կոռուպցիոն ռիսկեր, ներկա իշխանությունների օրոք գործո՞ւմ են հովանավորչական  սխեմաներ, ինչպես` նախկինում:

Սույն լրագրողական հետաքննությանը աջակցություն ցուցաբերելու համար մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին, ինչպես նաև՝ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմերին:

http://lragrogh.info/?p=28492&fbclid=IwAR0Lei77SbltRV8BE8GlMQPKSWwZCPuio0mHUUx96u3_2v-bpBDNLfPmvHU

Կիսվել սոց․ ցանցերում