Ուկրաինայի ԱԳ նախարարն արձագանքել է ԶՈւ հակահարձակման ձախողման մասին հայտարարություններին

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան համաձայն չէ, որ ուկրաինական բանակի հակահարձակումը ձախողվել է և վերլուծաբաններին կոչ է արել ավելի զգույշ լինել կանխատեսումների հարցում: Այս մասին նախարարը հայտարարել է Die Welt թերթին տված հարցազրույցում։ Նյութը մեջբերում է РБК-ն:

 

Ավելի վաղ ամերիկյան The Washington Post ազդեցիկ թերթը, հղում անելով հետախուզությանը, գրել էր, որ Կիևին չի հաջողվի հասնել Մելիտոպոլ և կտրել դեպի Ղրիմ տանող ցամաքային ճանապարհը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Հարիսն իր հերթին հայտարարել էր, որ ուկրաինական զորքերի հակահարձակումը ձախողվել է, հիմա հարկավոր է Կիևին համոզել խաղաղ բանակցություններ սկսել:

 

Նախարարը նշել է, որ «անանուն պաշտոնյաների, գեներալների և վերլուծաբանների կարծիքով» Ուկրաինան պետք է դադարեր գոյություն ունենալ 2022 թվականի փետրվարին՝ «երեքից տասը օրվա ընթացքում»։

 

Իսկ գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Կուլեբան ասել է, որ Կիևը հանգիստ է վերաբերվում նման արտահայտություններին։

«Ուզում եմ ասել, որ վերլուծաբանները պետք է ավելի զգույշ լինեն իրենց կանխատեսումների և երկարաժամկետ կանխագուշակությունների հարցում: Մենք կարիք չունենք ոչինչ ապացուցելու»,-ասել է Կուլեբան՝ մեկնաբանելով ուկրաինական հակահարձակման վերաբերյալ թերահավատ գնահատականները։

 

Կիևը բազմիցս խոստովանել է, որ հակահարձակումը դանդաղ է ընթանում։ Որպես գլխավոր խնդիր Կուլեբան նշում էր Ռուսաստանի «ուժեղ պաշտպանական դիրքերը»։

Կիսվել սոց․ ցանցերում