ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը ստանձնելու է ԵԱՏՄ նախագահությունը:
Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ հարցին:
«Մենք ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում: Որոշում այս պահին չկա: Բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, քանի որ մենք այս կառույցի նախագահությունն ենք ստանձնում: Եվ դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում»,- ասաց նա:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը և դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պաշտոնական հանդիպմանը։
«Այո, մենք Երևանից ազդանշան ստացանք, որ վարչապետը դեկտեմբերի վերջին պատրաստվում է գալ Սանկտ Պետերբուրգ՝ ոչ պաշտոնական հանդիպման (ԱՊՀ)։ Եվ պաշտոնական գագաթնաժողովին ևս»,- ասել էր նա:
Հարցին, թե արդյո՞ք այս տեղեկությունը հավաստի է, ՌԴ նախագահի օգնականը պատասխանել էր. «Մենք ազդանշան ենք ստացել, հստակ, կոնկրետ ազդանշան Երևանից»։
