ԱԺ պաշտոնական կայքում վերջապես զետեղվել է նորաթուխ պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդի Լեւոն Քոչարանի կենսագրությունը։ 1985 թվականին Ստեփանակերտում ծնված, անկուսակցական Լեւոն Քոչարյանը, դատելով ԱԺ կայքում զետեղված տեղեկանքից, դպրոց չի հաճախել (համենայնդեպս՝ նշված չէ, թե որ դպրոցն է հաճախել), եւ միանգամից ավարտել է (2006-ին) Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2013 թվականին էլ ավարտել է մայր բուհի մեկ այլ՝ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան եւ ստացել տնտեսագիտության տեսության մագիստրոսի կոչում։
Բայց նախքան մագիստրատուրա ընդունվելը՝ 2006-2008թթ., Լեւոն Քոչարյանը ծառայել է՝ ՀՀ Ազգային անվտանգության հատուկ մարտական գործողությունների վարչությունում:
2017 թվականից էլ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահն է:
Ի դեպ, 2018-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքը ՀՀ միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է բանակում, եւ այն էլ՝ Արցախում․ «Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել»,- նշել էր Փաշինյանը: Վարչապետի այս դիտարկումը դիպել էր Լեւոն Քոչարյանի ինքնասիրությանը՝ ստիպելով վերջինիս լույս սփռել իր կենսագրականի այդ կարեւոր դրվագի վրա։ «Անկասկած, պատերազմի տարիները Արցախում անցկացրած հասակակիցներս կհամաձայնեն ինձ հետ, որ բոլորս երազում էինք մի օր կրել զինվորական համազգեստ և մասնակցել մարտերին: Հիշում եմ, թե ինչպիսի ամոթանքների էին արժանանում այն չափահաս տղաները, ովքեր խուսափում էին մարտի գնալուց»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր մանկությունը Ստեփանակերտում` ռմբակոծության տակ եւ նկուղներում անցկացրած Քոչարյանը՝ հավելելով․ «Կարծում եմ` ոչ մեկ չի կասկածում, որ լինելով նախագահի որդի կարող էի շարունակել ուսումս մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում և ոմանց պես օգտվելով օրենքից խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա:
Այդուհանդերձ, որոշեցի անցնել ծառայության: Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում անցել եմ նախատեսված մարտական պատրաստվածության ծրագիրը: Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում: Չեմ թաքցնում, որ եղել է հատուկ ուշադրություն սպայական կազմի կողմից, որը ամենայն անկեղծությամբ հաճելի չէր:․․․Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերել կամ վտանգի տակ են դրել հայրենիքի պաշտպանության համար»։ Ֆեյսբուքյան իր էջում ինքզինքը գովերգած նախագահի որդին, փաստորեն, խոստովանել էր, թե ինչպիսի բարքեր են գործել իր նախկին ռեժիմի կառավարման օրոք հատկապես բանակից խուսափելու գծով։ Եւ այսուհանդերձ, բաց է մնում հարցը, թե ինչ՞ու ծառայության մեկնելուց չվախեցած, մագիստրատուրա-ասպիրանտուր ընդունվելու միջոցով բանակից խույս տալու շանսից հրաժարված Լեւոնը չի մեկնել Արցախ՝ ծառայության, այլ նախընտրել է ՀՀ Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում մարտական պատրաստվածության ծրագիրն անցնելը։ Չէ՞ որ նա նախագահի որդի էր եւ նախագահի որդի լինելու բերումով կարող էր ոտքը գետին խփել ու պահանջել՝ ինձ իմ ծննդավայր՝ Արցա՛խ ուղարկեք ծառայելու։
Քոչարյան կրտսերի՝ մինչեւ պատգամավոր դառնալը վարած գործունեության մասին վկայող համեստ տեղեկանքում, նկատենք, կարեւոր մի խմբագրում կա։ Խոսքը մասնավորապես նրա կենսագրականի այն տողին է վերաբերում, որտեղ նշված է՝ «2008-2023թթ. եղել է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ խորհրդի անդամ: Իսկ այն, որ Լեւոն Քոչարյանը նաեւ այդ ընկերության բեժնետերն է (եղել), նշված չէ։ Նկատենք, որ robertkocharyan.am կայքում որդի Քոչարյանի վերաբերյալ կենսագրական տեղեկանքում այդ կարեւոր հանգամանքը հիշատակված է, իսկ թե ինչու է ԱԺ համապատասխան վարչություն ուղարկելու ճանապարհին սրբագրվել՝ հայտնի չէ։
2021 թվականին որպես պատգամավորի թեկնածու ԿԸՀ ներկայացրած իր հայտարարագրում Լեւոն Քոչարյանը նշել էր, որ «Նաիրի Ինշուրանս»-ի 60 տոկոսի բաժնետերն է և ընկերությունից 604 մլն 200 հազար դրամ շահույթ է ստացել, ևս 17 մլն 694 հազար դրամ՝ աշխատավարձ։ 2008-ին, նկատենք, Լեւոն Քոչարյանը ընդամենը 23 տարեկան էր, եւ այդ տարիքում, փաստորեն, արդեն խոշոր բիզնեսի բաժնետեր։ Լևոն Քոչարյանը «Նաիրի ինշուրանս»-ից բացի 50 տոկոս բաժնեմաս ունի «Զեմկոմինվեստ», 33,3 տոկոս՝ «Սփեյս մենեջմենթ» ընկերություններում, 0.70 տոկոս բաժնետոմս՝ «Էքզել Աութդորս»-ում։
Հ․Մ․
