Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Լարսի անցակետում առաջացած խնդրին, «Ռոսսելխոզնադզոր»-ի վերջին հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանի համար տարօրինակ է, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներով բեռնված 6 տասնյակից ավելի մեքենաներ են հետ վերադարձվում, երբ հայ մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն կատարել:

Այս մասին գրում է «Լուրեր»-ը:

«Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ տարվա մեջ 35 մեքենա է հետ վերադարձվում, հետո 2 օրվա մեջ՝ ևս 35 մեքենա՝ այն դեպքում, երբ մենք կարգավորումների և մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն արել»,-ասել է նա:

Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում գործողություններ է սկսել: «Հրավիրվել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում»,- ասել է Քերոբյանը:

Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող Ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդը «Լուրեր»-ին հայտնել էր, որ խնդիրը միայն հայկական բեռնատարների հետ կապված չէ, խիստ հսկողություն է Ռուսաստան մտնող բոլոր մաքսակետերում:

Հիշեցնենք՝ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Լարսի անցակետը, ամբողջությամբ փակվել է արդեն մի քանի օր։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, բազմաթիվ բեռնատարներ սպասում են երթևեկության թույլտվության: Հարցը մեծ դժվարություններ է առաջացրել դեպի Ռուսաստան գյուղմթերք և այլ տեսակի ապրանքներ արտահանող հայ տնտեսվարողների համար:

Լարսի անցակետի փակվելը խիստ անհանգստություններ է առաջացրել հանրության շրջանում: Կան պնդումներ, որ դրա փակումը կապված է ոչ այնքան եղանակային պայմաններով, որքան քաղաքական նպատակներով:

Հավելենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ն էլ հաղորդագրություն է հրապարակել՝ կոչ անելով հայ գործընկերներին շտապ միջոցներ ձեռնարկել հանրապետությունից վնասակար օրգանիզմներով բուսաբուծական արտադրանքի մատակարարումը կանխելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում