Օգոստոսի 21․ Օրվա խոսք

Օրվա խոսք՝ ՍԱՂՄՈՍՆԵՐ 107: 1 Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։ 2 Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից. 3 Որ իրենց ժողովեց երկրներից, արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովից. 4 Որ իրենք մոլորված էին անապատի մեջ՝ անջուր ճանապարհին, որ բնակվելու քաղաք չէին գտնում. 5 Որ սոված ու ծարավ էին, և իրենց անձերը թուլացել էին իրենց մեջ. 6 Եվ իրենց նեղության մեջ իրենք աղաղակեցին Տիրոջը, և նա փրկեց նրանց իրենց վշտերից 7 Եվ առաջնորդեց նրանց ուղիղ ճանապարհով, որ բնակության քաղաք գնան։ 8 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին. 9 Որովհետև նա կշտացնում է կարոտած անձին և սոված անձին լցնում է բարությամբ։ 10 Նրանք, որ նստում էին խավարի և մահվան ստվերում՝ նեղության մեջ և երկաթով կապված, 11 Որովհետև հակառակ եղան Աստծու խոսքերին և անարգեցին Բարձրյալի մտադրությունները. 12 Նաև նրանց սիրտը խոնարհեցրեց նեղությամբ, և նրանք տկարացան, և ոչ ոք չկար, որ օգներ։ 13 Եվ իրենց նեղության մեջ աղաղակեցին Տիրոջը, և նրանց փրկեց իրենց վշտերից։ 14 Նրանց հանեց խավարից և մահվան ստվերից և կոտրատեց նրանց կապանքները։ 15 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին, 16 Որովհետև նա փշրեց պղնձե դռները և երկաթե նիգերը կոտրատեց։ 17 Հիմարներն իրենց անօրենության ճանապարհի համար և իրենց անիրավությունների համար նեղություններ քաշեցին. 18 Նրանց անձերը զզվեցին ամեն կերակուրից և մոտեցան մահվան դռներին։ 19 Եվ իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից. 20 Ուղարկեց իր խոսքը և բժշկեց նրանց և նրանց ազատեց իրենց կորստից։ 21 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։ 22 Թող գոհության պատարագներ մատուցեն և ցնծությամբ պատմեն նրա գործերի մասին։ 23 Նրանք, որ ծովն են իջնում նավերով և գործ են կատարում հորդառատ ջրերի մեջ, 24 Նրանք տեսան Տիրոջ գործերը և նրա հրաշքները անդունդների մեջ։ 25 Նա ասաց, և մրրկալի քամի փչեց, բարձրացրեց նրա ալիքները։ 26 Դեպի վեր՝ երկինք ելան և վար՝ անդունդ իջան, և նրանց անձերը մաշվեցին նեղությունից. 27 Շփոթվեցին և տատանվեցին հարբած մարդու պես, և նրանց ողջ իմաստությունը կորավ։ 28 Իրենց նեղության մեջ Տիրոջն աղաղակեցին, և նա փրկեց նրանց իրենց վշտերից։ 29 Մրրիկը հանդարտության փոխվեց, և նրա ալիքները հանգստացան։ 30 Նրանք ուրախացան, որ դադարեց, և նրանց առաջնորդեց դեպի նավահանգիստ, այնտեղ, ուր ցանկանում էին։ 31 Թող գոհանան Տիրոջից նրա ողորմության համար և նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին։ 32 Թող նրան բարձր գովեն ժողովրդի հավաքույթում և ծերերի ատյանում օրհնեն նրան։ 33 Նա գետերը անապատ է դարձնում և ջրերի հոսանքը՝ ծարավ երկիր։ 34 Պտղաբեր երկիրն աղի հող է դարձնում նրա բնակիչների չարության պատճառով։ 35 Անապատը փոխում է ջրերի լճի և ծարավ երկիրը՝ ջրերի հոսանքի։ 36 Այնտեղ բնակեցնում է սովածներին, և նրանք քաղաք են հիմնում բնակվելու համար։ 37 Արտեր են ցանում և այգիներ տնկում, որ պտուղ ու բերք բերեն։ 38 Եվ նա օրհնում է դրանք, որ չափազանց շատանան, և չի պակասեցնում նրանց անասունները։ 39 Բայց դարձյալ պակասում են և իջնում իրենց չարիքների նեղությունից ու տրտմությունից։ 40 Նա անարգանք է թափում իշխանների վրա և մոլորեցնում է նրանց անճանապարհ անապատում, 41 Բայց աղքատին բարձրացնում է խեղճությունից և նրա ցեղը դարձնում է ոչխարների հոտի պես։ 42 Ուղիղները պիտի տեսնեն և ուրախ լինեն, բայց ամեն անօրենություն պիտի փակի իր բերանը։ 43 Ո՞վ է իմաստուն, որ այս բաները պահի. նա պիտի հասկանա Տիրոջ ողորմությունները։

Կիսվել սոց․ ցանցերում