Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» տուրքերից

Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար տուրքերից։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանում Երեւանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով հանրային լսումների ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են այս տուրքից և ազատված են մնալու։ Դա արվում է այն տրամաբանությամբ, որպեսզի խրախուսենք էլեկտրական տրանսպորտով մարդկանց երթևեկելը, ինչը հսկայական բնապահպանական կոմպոնենտ ունի իր մեջ»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` նախկինում եղել է ընթացակարգ, որ այդ արտոնությունից օգտվելու համար պետք էր դիմում գրել Երևանի քաղաքապետարան, բայց այժմ այդ խնդիրը լուծվել է։

«Տեսախցիկներով հսկող կազմակերպությունը տվյալներ է ստանում ոստիկանության բազայից և այդ տվյալներն ունենալով՝ դիմումներ գրելու անհրաժեշտություն չի լինում։ Համակարգը գործում է ինքնաշխատ տրամաբանությամբ»,–ասաց նա։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը։ 2024 թվականի հունվարի 1-ից Երեւանի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։

Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Ավտոկայանատեղերի թանկացման նախագիծը հանրության շրջանում բուռն քննադատության առիթ է դարձել։

Կիսվել սոց․ ցանցերում