Ալ իևը քիչ է մնում Նիկոլ Փաշինյանից լուսինը պահանջի, որ սաբոտաժի ենթարկի խшղшղության պայմանագիրը. Դավիթ Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի կնքումը կախված է նրանից, թե Արևմուտքն ինչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա:

«Եթե այդ ճնշումն ունեցավ այն թափն ու ուժգնությունը, որ Ադրբեջանը կարողանա հետ կանգնել իր խոստումներից, որ տվել է ՌԴ-ին, խաղաղության պայմանագիրը կկնքվի, կկնքվի մոտավորապես այն պայմաններով, որի մասին խոսվել էր Գրանադայում և որի մասին պետք է խոսվեր Բրյուսելում և Վաշինգտոնում, բայց Ադրբեջանն այնտեղ չգնաց: Իսկ ինչո՞ւ չգնաց, որովհետև փորձում է այդ պայմանների վրա խաղաղություն չկնքել և ընդհանրապես չի ուզում խաղաղության պայմանագիր կնքել, որովհետև դա չի բխում առաջին հերթին ՌԴ շահերից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Ստեփանյանը:

Մանրամասնելով, թե ինչո՞ւ չի բխում՝ քաղաքագետն ասում է. «Այն պարզ պատճառով, որ չի բխել 1991 թվականից սկսած, երբ սկսվեց ղարաբաղյան կոնֆլիկտի ակտիվ պատերազմական ֆազան: Ընդհանրապես ղարաբաղյան կոնֆլիկտը արհեստածին կոնֆլիկտ է, որը ստեղծել է ռուսական КГБ-ն, որպեսզի տարածաշրջանը սովետի փլուզումից հետո պահի իր ազդեցության տակ»:

Ըստ Ստեփանյանի՝ շատ կարևոր հարց է, թե ի՞նչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում. «Ինձ մարդիկ պատմում են, որոնք ապրել են ԼՂ գյուղերում, օրինակ՝ Մարտունու շրջանում, որ ռուսները գալիս մտնում էին գյուղ, ասում՝ ադրբեջանցիները գալիս են, մենք չենք թողնի, որ ձեզ մորթեն, սպանեն, դուրս եկեք, գնացեք: Ժողովուրդը փախչում էր, ռուսները ադրբեջանցիներին դիմավորում էին ու գնում հաջորդ գյուղ: Այսինքն՝ Արցախի էթնիկական զտումն ունեցել է կազմակերպված բնույթ, և այդտեղ մասնակցել են ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև ռուսները: Ինչո՞ւ, որովհետև ունեցել են պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, իսկ հիմա այդ պայմանավորվածության դիմաց Ալիևը պիտի ամեն ինչ անի, որ Պուտինի շահերը սպասարկի և խաղաղության պայմանագիր չստորագրի»:

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ հենց այստեղից են գալիս Ալիևի անվերջ թվացող պահանջներն ու հայտարարությունները «Զանգեզուրի միջանցք»-ի, «Արևմտյան Ադրբեջան»-ի փախստականների և այլնի մասին. «Ալիևը քիչ է մնում Փաշինյանից լուսինը պահանջի, որովհետև գիտի՝ Փաշինյանը չի կարող դա իրեն տալ, և դրանով խաղաղության պայմանագիրը և գաղափարը սաբոտաժի է ենթարկում»:

Անդրադառնալով Բայրամովի «խաղաղատենչ» հայտարարություններին և զուգահեռաբար Իսրայելից ու Թուրքիայից զինվող Ադրբեջանի քաղաքականությանը՝ Դավիթ Ստեփանյանը նկատում է՝ բայրամովների հայտարարությունները աչքակապոցի են, Արևմուտքին խաբելու փորձեր. «Ադրբեջանը չի կարող գնալ խաղաղության այս պայմաններով, ավելին, եթե հիմա մենք համաձայնենք, օրինակ, անկլավները նվիրել Ալիևին, միանգամից ուրիշ բան կպահանջի, որովհետև այսպես թե այնպես խաղաղության պայմանագիր ստորագրելը և ՀՀ-ի հետ խաղաղություն հաստատելը նշանակում է ՌԴ-ի դուրս բերում տարածաշրջանից, իսկ դա ձեռնտու չէ ՌԴ-ին և կոնկրետ Ալիևին»:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանը կգնա՞ նոր «արկածախնդրության»՝ սկսելով ռազմական գործողություններ, Ստեփանյանը քիչ հավանական է համարում:

«Նաև չգիտեմ՝ Պուտինն ինչ երաշխիքներ կարող է տալ, դրանք շատ լուրջ երաշխիքներ պետք է լինեն, որ Ալիևը գնա դրան, քանի որ ՀՀ-ի վրա հարձակվելը իրոք արկածախնդրություն է: Չի կարելի ոչ մի բան բացառել, բայց, կարծում եմ, հավանականությունը շատ քիչ է, Ալիևն այդ քաղաքական ռեսուրսը չունի»,- ասում է նա:

Հերմինե Կարապետյան

Կիսվել սոց․ ցանցերում