Ալավերդի համայնքի «Ապրելու երկիր»-ական ղեկավարին անվստահություն հայտնելու՝ վաղը նախատեսված ավագանու նիստին ընդառաջ «Ապրելու երկիր» (ԱԵ) կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը որոշել էր հերթական անգամ «պոնտ» անել՝ ազդարարելով, թե ՔՊ-ն վախենում է հիշյալ համայնքում արտահերթ ընտրությունների անցկացումից, քանի որ վախենում է պարտություն կրելուց։ «ՔՊ-ն եթե վստահ լինի, որ Ալավերդիում ընտրությունների միջոցով կարող են հաջողության հասնել, կգնա արտահերթ ընտրությունների: Իրենց թիմակիցներն են ասում, որ նոր ընտրությունների դեպքում ՔՊ-ն խայտառակ պարտություն է կրելու: Հրապարակավ հայտարարում եմ՝ ՔՊ, եթե պատրաստ եք նոր ընտրության, եկեք նոր ընտրություններ անենք և տեսնենք՝ ժողովրդի կողմից ով ինչքան ձայն է ստանում։ Բնականաբար, վախենում են»։
Մեսրոպ Առաքելյանը, հիշեցնենք, այն նույն կուսակցությունն է ներկայացնում, որը Երևանի ՏԻՄ ընտրություններում շռնդալից պարտություն կրեց՝ չհաղթահարելով անգամ անցողիկ շեմը։ Նկատենք, որ նույն Մեսրոպ Առաքելյանը մայրաքաղաքի ընտրությունների նախօրեին էլ հանդես էր եկել նույնաբովանդակ մի պոնտ-բլեֆով ու ընտրողներին, փաստորեն, բացահայտ կերպով խաբել ու մոլորության մեջ գցել։ Հղում անելով ԱԱԾ-ի ինչ-որ տվյալների և ինչ-որ անհայտ ծագման «ներքին» հարցումների՝ տնտեսագիտության թեկնածու Առաքելյանը նշել էր՝ ՔՊ-ն ունի 85 հազար ձայն։ Իսկ թե ըստ նույն հարցումների որքա՞ն ձայն ուներ «Ապրելու երկիր»-ը, պարոն Առաքելյանը չէր հայտնել՝ ինտրիգը պահելու համար նշելով՝ «մենք այդ տվյալները գաղտնի ենք պահում, սեպտեմբերի 17-ին բոլորդ կիմանաք»։ Պարզվեց, որ ՌԴ գործարար, Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվում կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի կողմից հովանավորվող այս ուժը ստացավ 8 429 քվե։ Ենթադրում ենք, որ Առաքելյանը սեփական կուսակցության ձայները բազմապատկել էր 10 հազարով և ստացել էր մի թիվ, որը, չգիտես ինչու, որոշել էր վերագրել ՔՊ-ին։ Եթե այս նույն անհայտ ծագման տվյալներից օգտվելով է Առաքելյանը համոզված պնդում, որ Ալավերդիում նոր ընտրությունների դեպքում ՔՊ-ն պարտվելու է, իսկ ԱԵ-ն՝ հաղթելու, ապա նրան պետք է հորդորել հրաժարվել նման խեղաթյուրված տվյալներով ինքզինքը և հանրությանը մոլորության մեջ գցելուց, դադարել ծիծաղ հարուցող պոնտեր անելուց ու հաշտվել Ալավերդիում իշխանությունը կորցնելու հեռանկարի հետ։ Ի դեպ, ՏԻՄ օրենքը մեկ տարի առաջ այս օրերին ԱԵ-ին և ՀԱԿ-ին (13+1) համամասնությամբ համայնքապետ ընտրելու հնարավորություն ընձեռեց։ Այսօր էլ նույն այդ օրենքը ՔՊ-ին և ավագանու անկախ անդամ, ԱԵ-ն լքած Սիմոն Զախարովին հնարավորություն է տալիս անվստահություն հայտնել դարձյալ նույն՝ 13+1 համամասնությամբ։ Արդ, ինչու է Առաքելյանը ձեռուոտ ընկել ու նոր ընտրությունների մասին աղաղակում, եթե ԱԵ-ն (Թամազյանին անվստահություն հայտնելուց հետո) կարող է համայնքի կառավարմանը մասնակցել փոքրամասնության՝ ընդդիմության կարգավիճակում։ Թե՞ «փոքրամասնության» կարգավիճակը «պալոժ» չի Առաքելյանի պես համահիմնադիր ունեցող կուսակցությանը։ Ի դեպ, դեկտեմբերի 1-ին կուսակցության անունից տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Ի դեպ, բազմիցս ենք ասել, որ մեր կողմից կառավարվող բոլոր համայնքներում անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նոր ընտրությունների՝ ցույց տալու, թե ինչպես ենք աշխատանքով ամրապնդում մեր ստացած վստահության քվեն։ Փոքրամասնության այս իշխանությունը վերածվել է իրական չարիքի ժողովրդի և պետության համար»։
Նշենք, որ ԱԵ-ն ընդամենը երկու համայնքում է, որ ստանձնել է համայնքի կառավարումը՝ Ալավերդիում և Նոյեմբերյանում։ Մնացած համայնքներում, որտեղ կուսակցությունը մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, ընդդիմության կարգավիճակում է՝ ստացել է 1-7 մանդատ։
Մի ուշագրավ հանգամանք էլ. Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով Ալավերդիում իրենց խմբակցության անդամներից մեկի՝ խմբակցությունը լքելուն և համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին միանալուն, հայտարարել էր՝ ՔՊ-ն «մարդագողությամբ» է զբաղվել և ինչ-ինչ խոստումների դիմաց իր կողմը քաշել իրենց խմբակցության անդամին։ Հարց է ծագում՝ եթե «մարդագողությունը» համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մեխանիզմ է, ապա ինչո՞ւ ՔՊ-ն չի «ֆայմել» ու նույն հնարքը չի կիրառել, ասենք, Նոյեմբերյան համայնքում, որտեղ ունի 10 մանդատ։ Ի դեպ, Վանաձոր համայնքում ԱԵ-ն ունի 2 մանդատ, սակայն ամիսներ առաջ խմբակցության անդամները հայտարարեցին կուսակցությունը լքելու մասին։ Կուսակցությունից դուրս գալու որոշման մասին էին հայտարարել նաև կուսակցության ևս չորս անդամ։ Տեսնես նրա՞նց ով էր կաշառել կամ «գողացել»։
Հ.Գ. Ուշագրավ է, որ հոկտեմբերի 19-ին հրավիրված նիստում «Ապրելու երկիր»-ի 9 անդամ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մտադրություն է ունեցել։ Նիստը, սակայն, չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով։ (Նիստին ներկա են եղել «Ապրելու երկիր» խմբակցության 11 և ՀԱԿ խմբակցության 1 անդամները)։ Դավիթ Ղումաշյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս անդրադարձել է այդ չկայացած նիստին, զետեղել նիստի արձանագրությունը՝ մեջբերելով նիստից հետո ավագանու անդամների կողմից արված հայտարարությունից հետևյալ նախադասությունը. «Նիստը տեղի չի ունեցել, և օրենքի կետով ավագանին մեկ տարի ժամկետով չի կարող համայնքի ղեկավարին անվստահություն հայտնել»։ Այս հայտարարությունը հակասում է ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետին, ըստ որի՝ ավագանին համայնքի ղեկավարին անվստահություն է հայտնում գումարված նիստում՝ փակ-գաղտնի քվեարկության միջոցով՝ ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (նվազագույնը 14 ձայն)։ Հոկտեմբերի 19-ին առհասարակ նիստ չի գումարվել, ինչը վկայում է Ալավերդի համայնքի աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ արձանագրությունը։ Այսպիսով, ավագանու՝ մեկ տարի ժամկետով համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցն օրակարգ բերելու անհնարինության մասին հայտարարությունն իրավական որևէ հիմք չունի»։
Մեսրոպ Առաքելյանը և ԱԵ-ն մինչև այս պահը չեն մեկնաբանել, թե ինչու են իրենց ավագանու անդամները նման նախաձեռնությամբ հանդես եկել, նրանց է՞լ էին «գողացել», թե՞ այս պրիմիտիվ հնարքով՝ ֆեյք իմպիչմենթով, ԱԵ-ականները ուզում էին փրկել Թամազյանին ՔՊ-ի կողմից անվստահության արժանանալու «անպատվությունից»։
Հ. Մ.
