Ալավերդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանին համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։
Կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը նշեց, որ փաստացի ավագանու 27 անդամներից 14-ը, այսինքն` մեծամասնությունը ստորագրել է այս նախաձեռնության տակ, նաև նշեց՝ շաբաթներ առաջ էլ հենց «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թիմն էր նման նախաձեռնությամբ հանդես եկել։
«Այսինքն` ստացվում է, որ համայնքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ 27 անդամներից 23-ը ստորագրել են», — ասաց Ալեքսանյանն ու հավելեց․ «Եթե իրենք ընդունում են, որ էնքան ողորմելի վիճակում են, որ որոշել են ուղղակի արագացված կերպով ինչ-որ նիստ նախաձեռնեն, որպեսզի մեկ տարի երկարեցնեն իրենց պաշտոնավարումը, ապա, կարծում եմ, խոսքն արդեն կատարյալ քաղաքական ֆիասկոյի մասին է։ Իմ կարծիքով՝ էդ աստիճանի չեն իջնի, որ խոստովանեն, որ իրենք իմիտացիա են կատարել»։
Պատգամավորը նշեց, որ «Ապրելու երկիրը» Ալավերդիում մեծամասնություն չունի՝ հետևաբար իրենց համայնքապետն այլևս անելիք չունի՝ բացի զոռբայությունը, որը դրսևորում է։
Անդրադառնալով մեկնաբանություններին, թե ՔՊ-ն ճնշումների է ենթարկել «Ապրելու երկրի» համայնքապետին և ավագանու անդամներին, Ալեքսանյանն ասաց, որ եթե ուզեին ճնշել, ապա չէին թողնի, որ Արկադի Թամրազյանն ընտրվեր, քանի որ «Ապրելու երկիրն» ու ՔՊ-ն հավասար ձայներ էին հավաքել և միայն ՀԱԿ-ի միանալուց հետո են մեծամասնություն ստացել և ընտրել համայնքի ղեկավար։ Ընդ որում, Ալեքսանյանը ուշադրություն հրավիրեց, որ ՀԱԿ-ի առաջին համարը համաձայն չի եղել կոալիցիային և վայր է դրել մանդատը և միայն երկրորդ համարն է համաձայնել ձևավորվելիք կոալիցիային։ Այդ ժամանակ ՔՊ-ն ընդունել է ընտրությունների արդյունքները, սակայն հիմա նրանք այլևս մեծամասնություն չեն, հետևաբար՝ համայնքի ղեկավարը չունի աջակցություն և չի կարող այլևս պաշտոնավարել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Վովա Հակոբյան
