Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Հնդկաստանի, Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև․ Սաֆարյան

Հայաստանը կարող է դառնալ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) և այլ լոգիստիկ նախագծերի լիիրավ մասնակից, կարող է նաև Հնդկաստանի, Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև կամուրջ դառնալ։

Այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ նշելէ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

«Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ունի, իսկ Հնդկաստանը բանակցությունների փուլում է։ Հայաստանը, որպես միության անդամ, կարող է կամուրջ հանդիսանալ Թեհրանի, Դելիի և կազմակերպության մյուս անդամ երկրների համար»,- ասել է Սաֆարյանը։

Նա նաև հավելել է, որ ՀՀ կառավարությունն ավելի մեծ նախապատվություն է տալիս համագործակցությանը տարածաշրջանային և գլոբալ նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ն և Չաբահար նավահանգստի զարգացման իրանա-հնդկական նախաձեռնության զարգացման ծրագրերը:

«Վստահ ենք, որ հայկական տրանսպորտային ցանցը մեծ ներուժ ունի այդ նախագծերին աջակցելու համար»,- նշել է Սաֆարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է հայկական, իրանական, հնդկական և վրացական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացվող «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովը։

Կիսվել սոց․ ցանցերում