Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետ Սամվել Թամազյանին անվստահություն հայտնելու համար՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած նիստում 14 կողմ ձայնով ավագանու անդամներն անվստահություն էին հայտնել նրան:
Նոր համայնքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղումաշյանը։
Նիստը սկսվել և ընթացել էր բավական լարված պայմաներում: Փրկարար ծառայության աշխատակիցները հատուկ սարքով բացել էին նիստերի դահլիճի դուռը, որը «Ապրելու երկիր»-ը կողպել էր։ Այնուհետ «Ապրելու երկրի» կողմնակիցները ներխուժել էին ավագանու նիստերի դահլիճ, շուռ տվել քվեատուփը, վիրավորանքներ հնչեցրել:
Կատարվածին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն ու գրել.
«Ալավերդիում տեղի ունեցածը պետք է դաս ու օրինակ լինի մյուս բոլոր համայնքներին։ Նախկին համայնքապետի անգործությունը հանգեցրեց ժողովրդի ու ավագանու անվստահությանը:
Տեղի է ունեցել պարզ գործընթաց։ Գործող համայնքապետը իր պաշտոնավարման ընթացքում կորցրել է լեգիտիմությունը, վստահությունը ոչ միայն համայնքի բնակիչների շրջանում այլև հենց սեփական թիմակիցների շրջանում, ովքեր շաբաթներ առաջ իրենք են նախաձեռնել անվստահության գործընթաց։
Ամիսներ շարունակ պարալիզացված լինելով համայնքապետարանի բնականոն աշխատանքը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին այլ բան չէր մնում, քան անվստահություն հայտնել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ համայնքապետին։
Մեկ բան է ընտրություններում բավարար քվեներ ձեռք բերելը, մեկ այլ բան է կարողանալ կառավարել և համայնքի խնդիրներին պատշաճ լուծում տալը։
Ի դեպ, համայնքապետի անգործության ու ցածր լեգիտիմության պատճառով փաստացի ամիսների շարունակ տուժել են համայնքի բնակիչները, որոնց մեծ մասը իրենց դժգոհությունը տարբեր կերպ են արտահայտել ։
Տեղի ունեցածը վառ օրինակ է, թե ժողովրդավարական երկրում ինչպես է համայնքի բնակիչների արդարացի ճնշման տակ փաստացի անգործունյա և աթոռից կառչած ղեկավարը հրաժեշտ տալիս իր պաշտոնին։
Այս պարագայում ամենևին էական չէ թե գործող ղեկավարը ինչ կուսակցության ներկայացուցիչ է՝ ընդդիմադիր, թե իշխանական։ Բոլոր համայնքապետերի, ղեկավար պաշտոն զբաղեցնողների գործունեության գնահատականը տալիս է առաջին հերթին ժողովուրդը, որը լեգիտիմ իրավունք ունի դժգոհության պարագայում հասնել փոփոխության։ Հայաստանում այս սկզբունքը անխախտելիորեն ամրագրվել և գործում է արդեն հինգ տարուց ավելի»։
