Վստահությունը կորցրել էր, ինչպե՞ս էր շարունակելու ծառայել ժողովրդին. Պապոյանը՝ Ալավերդու նախկին համայնքապետի մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կարծում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը Ալավերդիում «զոռբայությամբ» փորձում էր պահել համայնքապետի աթոռը, ինչը չհաջողվեց:

«Երևանից գնացել հասել էին Ալավերդի և ալավերդցիներին ինչ-որ ընտրություն էին պարտադրում, փորձում լկտիությամբ խանգարել օրինական գործընթացը: Մոռացել էին, որ ուժի և զոռբայության ժամանակները անցել են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ պատգամավորը:

Պապոյանը կարծում է՝ նման պայմաններում այլևս հնարավոր չէր, որ Թամազյանը մնար այդ պաշտոնին։ Ըստ պատգամավորի՝ ավագանու անդամների շրջանում նա կորցրել էր իր հանդեպ վստահությունը՝ միաժամանակ նկատելով, որ Կառավարությունն ամեն կերպ աջակցել է Արկադի Թամազյանին, չի խոչընդոտել նրա աշխատանքը:

«Ինձ համար համայնքի ղեկավարի աշխատանքը ծանր աշխատանք է, քրտնաջան, բարձր պատասխանատվություն է պետք։ Չգիտեմ՝ ինչո՞ւ էին Թամազյանը և «Ապրելու երկրի» գործընկերները նման վարքագիծ դրսևորում, ինչ էին պատրաստվում անել այդ աթոռով, որ զոռբայությամբ պահում էին. այդ աթոռը ժողովրդին ծառայելու համար է։ Եթե վստահությունը կորցրել է համայնքապետը, ապա ինչպե՞ս էր շարունակելու ծառայել ժողովրդին»,- նշում է նա:

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ընդգծում է՝ այն, ինչ կատարվեց Ալավերդիում, ևս մեկ անգամ ցույց տվեց ժողովրդավարության հաղթանակը։

Անդրադառնալով «Ապրելու երկիր» կուսակցության անդամների հնչեցրած սպառնալիքներին՝ պատգամավորը դրանք առ ոչինչ է համարում. «Անիմաստ գործողություն է սպառնալիքներ հնչեցնել մեր քաղաքական ուժի և ավագանու 14 անդամների հասցեին։ Ամեն ինչ օրինական ճանապարհով է արվել, փայլուն ձևով, ոչ մի խնդիր չի եղել։ Միայն Մեսրոպ Առաքելյանի վարքն էր խնդրահարույց․ գնաց այնտեղ ու հակաժողովրդավարական գործողություններ իրականացրեց, լկտիություն թույլ տվեց, խուլիգանություն։ Հարգում ենք նաև համայնքապետարանի դիմաց հավաքված 200-300 քաղաքացիների դիրքորոշումը»:

Պապոյանը հավատացած է, որ նոր համայնքապետի հետ համատեղ բարեհաջող աշխատանք կիրականացնեն. «Ալավերդին կդառնա այնպիսի միջավայր, որ հարմարավետ կլինի ալավերդցիների համար։ Կառավարությունը պատրաստվում է հսկայական ծրագրեր ու ներդրումներ անել համայնքում՝ այն ավելի լավը դարձնելու համար»։

Ալավերդու ավագանու անդամները 14 կողմ ձայնով անվստահություն են հայտնել համայնքապետ Արկադի Թամազյանին՝ համայնքի ղեկավար ընտրելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Դավիթ Ղումաշյանին, որը լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 8-ից:

Ավագանու գումարած արտահերթ նիստը, սակայն, անցել է լարված մթնոլորտում: Բանն այն է, որ «Ապրելու երկիր» խմբակցության որոշ անդամներ և համայնքապետարանի բակում հավաքված Թամազյանի համախոհները փորձել են խոչընդոտել գործընթացը: Բանը հասել է նրան, որ նրանք կողպել են նիստերի դահլիճի դուռը, որը հատուկ սարքով բացել են Փրկարար ծառայության աշխատակիցները: Այնուհետև «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները շուռ են տվել քվեատուփը, հայհոյանքներ հնչեցրել, առաջացրել անկանոն մթնոլորտ: Գործողություններին ակտիվ մասնակցություն է ունեցվել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, որին իրավապահները հեռացրել են տարածքից:

Նկատենք, որ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացին միացել է «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած և «Քաղաքացիական պայմանագրին» միացած ավագանու անդամ Սիմոն Զախարովը: Արձագանքելով իր հասցեին հնչած այն պնդումների, թե գումար է վերցրել և դրա դիմաց դավաճանել թիմին, նա ասել է, որ ապահոված անձ է, և դրա կարիքը չունի:

Կիսվել սոց․ ցանցերում