Թափառող շների խնդիրը գնալով սրվում է. ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը

«Չափազանց կարևոր և ահագնացող հարց եք բարձրացնում, որովհետև գնալով խնդիրը սրվում է»:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի այն դիտարկմանը, ըստ որի՝ Գորիս քաղաքի բնակչությունը և աշակերտները անհանգստացած են թափառող շների վարքագծի փոփոխության և քանակի ավելացման հետ կապված:

«Հարցը միայն Սյունիքի մարզին չի վերաբերում, ամբողջ ՀՀ տարածքով է ակտուալ, ստերջացման պրոցեսը չկատարելով՝ երբեմն էլ ուղղակի շների ականջներին դակում են սարքը, կա՞ արդյոք պետական մակարդակով վերահսկողություն, թե՞ ոչ»,- հարցրեց Բադալյանը:

Գնել Սանոսյանը արձագանքելով նշեց. «Մենք ունենք Երևանի օրինակը, և այդ օրինակը հիմք ենք ընդունել և աշխատում ենք այդ ուղղությամբ: Երևանի համայնքապետարանի, մեր նախարարության և մյուս համայնքապետարանների հետ որոշակի աշխատանքի արդյունքում մշակվել է մեթոդաբանություն ստերջացման մեթոդով հարցին լուծում տալու ուղղությամբ, և Երևանի փորձը փորձելու ենք կիրառել մի շարք համայնքներում: Կարող եմ ասել՝ մեր 71 համայնքներից 25-ում հիմա այս մեթոդը կիրառվում է:

Այնուամենայնիվ, գործընթացը որոշակիորեն առաջ է գնացել, բայց, կարծում եմ, այստեղ և՛ իրավական, և՛ մասնագիտական, և՛ ֆինանսական գնահատականի հետ կապված լրացուցիչ աշխատանք տանելու կարիք կա»:

Կիսվել սոց․ ցանցերում