Նախկինում, եթե իրավաբանական ընդունվածների մեծ մասն ուզում էր դատախազ, քննիչ կամ դատավոր դառնալ, հիմա շատերն ուզում են փաստաբան դառնալ․ ՀՀ-ում նշվում է փաստաբանության հիմնադրման 105 ամյակը

Դեկտեմբերի 6-ը Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է որպես «Փաստաբանի օր»: Փաստաբանությունը, որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918թ. դեկտեմբերի 6-ին Առաջին Հանրապետության ժամանակաշրջանում:

Հայաստանում փաստաբանների գործունեության ու խնդիրների մասին Civic.am-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։

Նա նշեց, որ փաստաբանի օրը շատ լավ առիթ է, որպեսզի փաստաբանները խոսեն իրենց առօրյա խնդիրներից, իրենց վստահորդների շահերից։ Փաստաբանի խոսքով, «եթե վստահորդների շահերն առավել քան լավ պաշտպանված են, հետևաբար՝ փաստաբանության վիճակն առավել քան բարձր է»։

«Ես բազմիցս խոսել եմ փաստաբանների խնդիրների  մասին, բայց հիմնականում տարանջատել եմ փաստաբանների խնդիրներ և «Փաստաբանների պալատ» կառույցը։ Որպես կառավարման մարմին, կարծում եմ, որ կառույցը պետք է լինի երկու և ավելի, որպեսզի անգամ փաստաբանները հնարավորություն ունենան ընտրել, թե որ կազմակերպությանն են ուզում անադամագրվել։ Թե՛ ես, թե՛ իմ գործընկերներից շատերը կողմ ենք, որպեսզի լինի մրցակցություն։ Այսօրվա դրությամբ մենք մեր «Փաստաբանների պալատում» ունենք խորհուրդ, որն ունի քաղաքական ուղղվածություն, որովհետև կան մարդիկ, որոնք կուսակցության մեջ են, պալատի ղեկավար մարմնից կան, որոնք կուսակցություն ունեն, այդպես չի կարող լինել, որովհետև դա լուրջ խնդիր է։ Եվ իրենք ինչքան էլ փորձեն օբյեկտիվ լինել, չեն կարող, որովհետև քո քաղաքական կուսակցությունն է, քո քաղաքական ուղղվածությունն է, դու ունես որոշակի պարտավորվածություն, և դու չես կարող այստեղ խտրական վերաբերմունք չցուցաբերես, դրա համար էլ «Փաստաբանական պալատի» գործունեության հետ կապված ես խնդիր, ամեն դեպքում, տեսնում եմ։ Իսկ եթե լինեն մի քանիսը՝ կգործի զսպումների ու հակակշիռների մեխանիզմը, ես կընտրեմ՝ որին անդամավճար տալ ։Փաստաբանը պետք է հասկանա իր վճարած անդամավճարն ինչին է ծառայել»,- ասաց Գևորգ Դավթյանը։

Այնուհետև նա նշեց, որ ամեն տարի փաստաբանների թիվն աճում է և միգուցե այն ժամանակ, երբ փաստաբանների թիվը քիչ էր, մեկ պալատը բավական էր, բայց երբ թիվն աճում է, բնականաբար, մի կառույցը չի կարող այդ ամբողջ փաստաբանական համայնքի նկատմամբ իր գործառույթներն ամբողջությամբ, լիարժեքորեն ու օբյեկտիվորեն կատարել։ Դրա համար պետք է տարանջատել մի քանի կառույցների, որոնց մեջ զսպումների և հակակշիռների մեխանիզմը կսկսի ավելի լավ գործել, անգամ, կմրցակցեն։

Ինչ վերաբերում է փաստաբանական դպրոցին, Գևորգ Դավթյանն ասաց, որ իր պատկերացրած մեխանիզմով՝ դպրոցը լինում է մեկը, բայց դպրոցի նկատմամբ վերահսկողությունն իրականացնեն բոլոր պալատները, այսինքն՝ սա մի առանձին մարմին է լինում, որտեղ յուրաքանչյուր պալատ իր ներկայացուցիչն ինչ-որ ձևով կարող է ունենալ։

«Եթե Պալատի գործունեությունը դնենք մի կողմ, ապա, կարող ենք ասել, որ մենք այսօր բավականին առաջ գնացած փաստաբանություն ունենք, մենք այսօր տեսնում ենք լուրջ դատական պրոցեսներ, որոնցում փաստաբանի մասնակցության դերը բավականին բարձր է, եթե համեմատում ես նախկին ժամանակների հետ։ Իրականում լինում են դեպքեր, երբ փաստաբանների իրավունքները խախտվում են, բայց էլի պետք է համեմատության մեջ ասեմ, մենք այսօր այդպիսի դեպքերի մասին ավելի քիչ ենք լսում ու տեսնում, ի տարբերություն նախկինի։ Այն ժամանակ փաստաբանին հաշվի չէին առնում, թեև իրավունք չունեին, ոնց որ անտեսում էին  և այլն, այսօր արդեն, երբ որ տեսնում են անձը փաստաբանի միջոցով է գալիս դատարան, հարցաքննությանը մասնակցում է փաստաբանի հետ, արդեն ավելի զգոն են լինում, որ հանկարծ այնպիսի բան չանեն, որ արձանագրվի»,- նշեց փաստաբանը։

Գևորգ Դավթյանը նաև շեշտեց, որ նախկինում, եթե իրավաբանական ֆակուլտետ ընդունվածների մեծ մասն ուզում էր դատախազ, քննիչ կամ դատավոր դառնալ, ապա հիմա շատերն ուզում են փաստաբան դառնալ, քանի որ միանշանակ բարելավվել է փաստաբանի կարգավիճակը։

Ի հավելումն Գևորգ Դավթյանն ասաց, որ եթե այսօր համակարգից ինչ-ինչ պատճառներով քննիչը, դատախազը, անգամ դատավորը դուրս են գալիս ու զբաղվում են փաստաբանական գործունեությամբ, մասնավոր զրույցներում ասում են, որ փաստաբանի գործը շատ ավելի լավ է, նախ՝ ազատությունն ու անկախությունը շատ ավելի բարձր շեմի վրա է, փաստաբանն է որոշում իր գործունեությունը ոնց կարգավորի ու երկրորդը՝ ինքն է որոշում ինչ քանակի ծանրաբեռնվածություն ունենա, այսինքն՝ անգամ այդ առումով է փաստաբանի գործն առավել գայթակղիչ ու նաև գումարային առումով, և այնպես չի, որ փաստաբանի գումարը քիչ է։

Խոսելով նաև ՔԿՀ-ներում փաստաբանների մուտք գործելու և այնտեղ իր պաշտպանյալի հետ տեսակցելու խնդիրների մասին՝ Գևորգ Դավթյանն ասաց, որ էլի նախկինի հետ համեմատած վիճակի որոշակի բարելավում  նկատվում է, սակայն խնդիրներ դեռևս առկա են, օրինակ՝ երբեմն շատ երկար է տևում մինչև կալանավորված պաշտպանյալին բերեն փաստաբանի հետ տեսակցության սենյակ։

«Բայց ամենակարևոր խնդիրն այն, որ, օրինակ, ես ուզում եմ իմ վստահորդի հետ առնչվել ՔԿՀ-ում, և ուզում եմ իմ աշխատանքային գործիքներով՝ համակարգչով, տպիչով գնամ այնտեղ աշխատեմ, ինձ այդ հնարավորությունը չեն տալիս, կա ընթացակարգ, որ պետք է նախապես դիմես, այնտեղ ինչ-որ թույլտվություն տան, ստուգեն և այլն։ Այսինքն՝ սա մի այնպիս մեծ խճճված գործընթաց է, որ որևէ փաստաբան իրեն թույլ չի տա, տանի համակարգչային տեխնիկան։ Ես հասկանում եմ, որ սա նաև անվտանգություն է, իրենք այդպես են պատճառաբանում, բայց այդ խնդիրը հանգիստ կարող են լուծել, օրինակ՝ սարքերի միջոցով ստուգել ու թողնեն փաստաբանը համակարգիչը միացնի նստի հանգիստ աշխատի։ Չէ որ հանարավոր է լիազորագիր է պետք, բողոք ենք գրում և այլն։ Ընդ որում՝ այդ խոչընդոտն առկա է ոչ միայն փաստաբանների համար, այլև՝ քննիչների ու դատախազների»- նշեց, փաստաբանը։

Վերջինս նաև ասաց , որ Արմավիր ՔԿՀ-ում դեռևս անհատական զննման սարքով են զննում ՔԿՀ մտնողներին, այնինչ կարող են սքաներ կիրառել և ՔԿՀ մտնող անձանց ստուգել դրանով։

Լիլիթ Թադևոսյան

Կիսվել սոց․ ցանցերում