Սոթքի հանքը մասնակի է աշխատում, իսկ բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. մարզպետ

Լրագրողների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Սոթքի հանքը մասնակի է աշխատում, իսկ բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից:

«Իհարկե իրենք ունենք խնդիրներ, գրավոր դիմել են ինձ, ես իրենց խնդրանքը ուղարկել եմ Էկոնոմիկայի նախարարություն և նախարարի հետ առաջիկայում կքննարկենք, թե ինչ հնարավորություններ ունենք իրենց հարցերը կարգավորելու»,- ասաց մարզպետը և հարցին, թե այդ ամենը կապվա՞ծ է պատժամիջոցների տակ հայտնվելու հետ պատասխանեց, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի ներքին հարցերից տեղյակ չէ:

«Չեմ տիրապետում, թե խնդիրները պատժամիջոցների հետ են կապված, թե մեկ այլ բանի: Իրենք ներկայացնում են, որ բաց հանքում իրենց համար ներկա պահին աշխատանքը օգտակար չի, և հիմա փակ հանքում են աշխատանքները կազմակերպում, այն էլ մասնակի:

Շատ փոքր հատվածի աշխատանքի խնդիր լուծել ենք մենք, մեր գործընկերների հետ համատեղ, բայց դեռ բավականին խնդիրներ ունենք»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում