Աղցան «Թաբուլե»

«Թաբուլեն» թե աղցան է, թե խորտիկ, թե վիտամինների պահեստ: Այն պարունակում է B խմբի վիտամիններ, ֆոսֆոր, երկաթ, սելեն, պղինձ, ցինկ, մանգան, կալիում, նատրիում, կալցիում: «Թաբուլեն» սիրում են պատրաստել Լիբանանի և Սիրիայի հայերը, որոնց խոհանոցը հայտնի է ոչ միայն անսովոր համեմունքներով, այլև առողջ սնունդով:

«Թաբուլե» աղցանը հանգիստ կարելի է ուտել առանց հացի, քանի որ այն ամբողջովին փոխարինում է դրան իր հագեցվածության և կալորիականության առումով: Միաժամանակ հատիկավորների մեջ բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ մարմինը մաքրվում է տոքսիններից: «Թաբուլե» շատ են օգտագործում նրանք, ովքեր բեռնաթափման օրեր են կազմակերպում․ նրանց համար այս աղցանը պարզապես գտածո է, քանի որ դրանից հետո երկար ժամանակ հագեցվածության զգացում է մնում:

Բաղադրիչները

• Բուլղուր — 1 բաժակ
• կանաչ մաղադանոս, համեմ, սամիթ (եթե կապերը փոքր են, ապա մեկական փունջ)
• կանաչ սոխի մեկ կապ
• կարմիր պղպեղ
• աղ
• կիտրոնի հյութ
• բուսական յուղ
• Լոլիկ կամ լոլիկի մածուկ։

Պատրաստման եղանակը.

1) Բլղուրը թեթևակի լվանալ և վրան լցնել եռացրած ջուր, այնպես, որ ջուրը ամբողջությամբ ծածկի այն: Ծածկեք տարրան և թողեք հատիկներն ուռեն: Պետք է հաշվի առնել, որ թրջելուց հետո բլղուրի ծավալը մի քանի անգամ ավելանալու է: Սովորաբար մեկ ժամ հետո հատիկներն արդեն ուռած են լինում և պատրաստ՝ ուտելու:

2) Եթե պատահաբար թրջելիս պարզվել է, որ ջուրը շատ է և ամբողջությամբ չի ներծծվել, այսինքն, բլղուրն այն ամբողջությամբ չի կլանել, ապա պարզապես կարող եք ջուրը դատարկել կամ քամել:

3) Բոլոր կանաչիները կտրատել ոչ շատ մեծ, բայց ոչ էլ շատ մանր չափերի: Կանաչեղենը պետք է շատ լինի: Հատիկները պետք է «թաքնված» լինեն կանաչու տակ:

4) Հաջորդիվ կտրատեք կանաչ սոխը: Եվ ամբողջ կանաչ զանգվածը խառնեք նախապես պատրաստված բլղուրի հետ:

5) Ավելացնել աղը, կիտրոնի հյութը (մի խնայեք, որ աղցանը թթու լինի), կարմիր պղպեղը, լոլիկի մածուկը (ավելի հարմար է) կամ լոլիկը, բուսական յուղը (ձիթապտղի կամ արևածաղկի): Լավ խառնեք։

Աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ։

Աղբյուր’ LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում