Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը «Հումանիտար կենտրոն»-ում այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աշխատանքի և զբաղվածության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել:
Ըստ Ռուբեն Սարգսյանի, ԼՂ-ից բռնի տեղահանվածներից արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել շուրջ 5351 անձ՝ մշակող արդյունաբերության, կրթության, սպասարկման և ներծառայության, շինարարության և այլ ոլորտներում:
Դեկտեմբերի 4-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում հաշվառվել է աշխատանք փնտրող 3929 անձ, որից 3737-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ, 1608-ը՝ աշխատանքի տեղավորման ուղեգիր, ինչի արդյունքում 438-ն այս պահի դրությամբ արդեն իսկ աշխատանք ունի:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ մշակվում են զբաղվածության ապահովմանը միտված երկու ծրագրեր, որոնք գտնվում են վերջնականացման փուլում: Հաստատվելու հետո կգործեն 2024 թ.-ից:
Նշվել է նաև, որ Առողջապահության և Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունները նույնպես հատուկ միջոցառումներ են իրականացնում համապատասխան ոլորտային մասնագետների զբաղվածության աջակցության նպատակով:
Բացի այդ, զբաղվածության տարբեր ծրագրեր են իրականացվում են և նախատեսվում միջազգային գործընկերների հետ: Ռուբեն Սարգսյանը հայտնել է նաև, որ այս պահի դրությամբ տարբեր ոլորտներում առկա է առնվազն 5000 թափուր աշխատատեղ:
Մանրամասներին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են այցելել Միասնական սոցիալական ծառայության կենտրոններ կամ www.e-work.am կայք:
