Չստեղծվեց հшղթության ոգին, հետո` կերպարը

Այսօր ծնվել է գրող, ազատամարտիկ Լեւոն Խեչոյանը: Խեչոյանը հայ ընթերցողին ավելի շատ  հայտնի է իր  «Խնկի ծառեր»,     «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»,   «Սեւ գիրք,  ծանր բզեզ »,  «Հողի դողը»,  «Մհերի դռան գիրքը » (որն, ի դեպ, լույս է տեսել գրողի մահվանից մեկ շաբաթ անց)   գրքերով, պատմվածքներով, որոնք թարգմանվել են մի շարք լեզուներով: Նա իր ստեղծագործություններում անդրադարձել է 1915թ. եղեռնին, արցախյան առաջին պատերազմին` առանց առասպելականացման:

1999 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է Հայաստանի պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։

Խեչոյանն արժանացել է նաեւ այլ պարգեւների:

2013 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[4], սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի են  հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»:

<Պատերազմից վերադարձավ փառապանծ զինվորը, սակայն պետական եւ քաղաքական կառույցները չկարողացան դիվանագիտական ասպարեզում նրա հաղթած պատերազմը ավարտին հասցնել: Քառատված զինվորը, լեռ ու դաշտերից, ջուր ու հրից, տափաստանների տապից, ինչից կարող էր, կտրեց, ճղեց, ձեւեց, կցմցեց, լայնացրեց, դարեր շարունակ պատերազմից սպասված արդյունքը տուն բերեց, իսկ այդ հաղթությունը ըստ արժանվույն ոչ մի տեղ չվավերացվեց, բացի գերեզմանատներից:

Չստեղծվեց հաղթության ոգին, հետո` կերպարը:

Ահա քայլում եմ Եվրոպայի միջով, բա որտեղի?ց նրան, Լիսաբոնից մինչեւ Բեռլին, այսքան հաղթական կամարներ, առնականության սիմվոլ-սյուներ, եկեղեցիների բակերում` խոցված զինվորների վրա ոսկեփետուր թեւերը տարածած, խոնարհված հրեշտակներ, ծառսած ձիերով` աշխարհի փորը թափած սպարապետներ:

Թող իմ ասածը նաեւ այնպես չհասկացվի, թե պատերազմ եմ քարոզում: Ինչպես որ եկեղեցին հավերժական արժեք է, որտեղից փառաբանում են Աստծուն, այնպես էլ պատերազմում տարած հաղթանակը ազգային արժեք է, մի հարստություն, որ պահվում է երկրի գանձարանում, որով փառաբանվում են սերունդները>,- գրել է արձակագիրը  Եվրոպայում ճամփորդությունից վերադառնալուց հետո իր <Եվրոպայի երկաթե ճանապարհներին> պատմվածքում:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում