Լուսինե Հարությունյանը բնակվում է Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 16/3 հասցեում։ Արդեն 5-րդ օրն է, առավոտյան 7:30-ից մինչ ուշ գիշեր ջուր չեն ունենում։ Գիշերը մի քանի ժամով ջրամատակարարումը վերականգնվում է, այդ ընթացքում Լուսինեն հաջորդ օրվա համար ջուր է հավաքում։
Ամռան սկզբից Արզումանյան փողոցում գրեթե ամեն օր ջրանջատումներ են լինում։ Ջրի ցածր ճնշան հետևանքով չի միանում գազի կաթսան, ծորակից տաք ջուր չի գալիս։ Հունիս ամսից նրանք լոգանք ընդունելու համար ջուր են հավաքում, գազօջախի վրա տաքացնում ու օգտագործում։
Լուսինե Հարությունյանը պատմում է՝ ամբողջ տան կաթսաներն ու շշերը ջրերով լցնում են, քանի որ չգիտեն ջուրը երբ ու ինչքան ժամանակով կանջատեն։
Փոխվել է նաև ջրի համը։ Նրա խոսքով բազմիցս դիմել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն։
Մի քանի անգամ օպերատորները Լուսինեին ասել են, որ համապատասխան մարմնին կփոխանցեն խնդրի մասին, բայց արձագանք չի եղել։ Մի անգամ ասել են, որ խողովակները խցանվել են, ու դա է պատճառը, որ ջուր չկա։
«Ինչպես կարող է ցերեկային ժամերին խողովակները խցանվել, իսկ գիշերը բացվել, դա հնարավո՞ր է։ Ամեն օր էդպիսի բան ո՞նց կարող է լինել։ Ամառվա օր, չես կարողանում ուզածդ ժամին մտնել լոգանք ընդունել։ Տղաս աշխատում է, ֆիզիկական գործ է անում։ Ցերեկը, որ պետք է գա, ցայվի դուրս գա, ջուր չկա, հունիսից մենք նախնադարյան ձևերով ենք լողանում»,-պատմում է նա։
Բնակիչները կասկածում են, որ հաճախակի ջրանջատումներն ու ջրի ցածր ճնշումը կապված է Արզումանյան փողոցի հարևանությամբ գտնվող Դալմայի այգիների տարածքում նոր կառուցվող բարձրահարկ շենքերի հետ։ Ջուրն ուղղվում է այնտեղ, ու ճնշումն իրենց չի հերիքում։ Մինչդեռ ընկերությունն այս լուրը հերքում է։
Ջրի ճնշումը հատկապես ցածր է բարձր հարկերում։ Լուսինեի ընտանիքը բնակվում է վերջին՝ 9-րդ հարկում։
Վերջին անգամ, երբ բողոքով դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ընկերությունից հայտնել են, որ դիմեն շենքի համատիրություն։ Լուսինեն կարծում է, որ համատիրությունն այս դեպքում գործառույթ չունի։
«Համատիրություն էլ ենք դիմել, որ տեսնենք իրենք ինչ կասեն։ Ասում են՝ մենք էստեղ անելու բան չունենք, Վեոլիայի խնդիրն է, ջուր չի մատակարարում, ջուր չի լինում»,- ասում է Լուսինեն։
Նա հիշում է՝ բոլոր տարիներին եղել են ջրանջատուներ, բայց ոչ այս հաճախականությամբ։
«Հետքը» փորձել է կապ հաստատել նաև «Վեոլիա Ջուր» ընկերության հետ։ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Կարինե Դավթյանը մեզ խոստացավ պարզել հասցեում ջրանջատումների պատճառն ու զանգահարել։ Մի քանի ժամ անց, երբ փորձեցինք նորից կապ հաստատել, Կարինե Դավթյանը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Լուսանկարները՝ Լուսինե Հարությունյանի