Ինքնահրավե՞ր, թե՞ սառն ընդունելություն. ինչպես է անցել Ռաիսի-Պпւտին հանդիպումը և ուր է պատրաստվում մեկնել ՌԴ նախագահը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 7-ին Կրեմլում հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ. կողմերը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում և ապագա տնտեսական համագործակցությունը։

Մինչ այդ ՌԴ նախագահը հանդիպումներ է ունեցել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ։

Իրանում սոցցանցերի շատ օգտատերեր կասկածներ են հայտնել, թե ՌԴ նախագահը չի իմացել կամ խսիտ ուշ է իմացել Ռաիսիի՝ Մոսկվա ժամանելու մասին՝ հավելելով, որ Իրանի առաջնորդը կարող է «ինքն իրեն հրավիրած լինել» Կրեմլ:

BBC-ի ռուսական ծառայությունը պատմում է, թե ինչի մասին են խոսել Ռաիսին ու Պուտինը, և ինչպես են ընկալել նրա ժամանումը Մոսկվա հենց Իրանում։

Ինչի՞ մասին էին խոսում Պուտինն ու Ռաիսին 5 ժամ

Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Իրանի առաջնորդն այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, անվանել է Արևմուտքի աջակցությամբ պաղեստինյան բնակչության «ցեղասպանություն»։

Ինչպես Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գրել է «X»-ի իր միկրոբլոգում, «Կողմերն ընդգծել են Գազայում և  Հորդանան գետի արևմտյան ափին պատերազմն ու ցեղասպանությունը անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը, Գազայի բնակիչների բռնի գաղթի դադարեցումն ու Ռաֆահ անցակետի անհապաղ բացումը, որը թույլ կտա  զանգվածային մարդասիրական օգնություն հասցնել» ողջ Գազայի հատված։

Ռաիսին և Պուտինը քննարկել են նաև տնտեսական համագործակցությունը։ Պուտինն ասել է, որ անցած տարվա ընթացքում Ռուսաստանի և Իրանի միջև առևտուրն աճել է 20%-ով և հասել 5 մլրդ դոլարի։

Հանդիպման սկզբում իրենց ելույթում, որը ֆիքսվել է տեսախցիկներով, չեն հիշատակել երկրների միջև ռազմական համագործակցության աճը։ Այս մասին հաճախ են խոսում ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների ներկայացուցիչները, օրինակ՝ հայտնի է, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարել հազարավոր Shahed 131/136 հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք լայնորեն օգտագործվում են Ուկրաինայի դեմ պատերազմում:

Ավելի ուշ նման անօդաչուների արտադրությունը կամ դրանց մոդիֆիկացիաները մեկնարկեցին հենց Ռուսաստանի տարածքում՝ Ելաբուգայում։ Հստակ հայտնի չէ, թե Իրանը շարունակու՞մ է պատրաստի «Շահիդներ» մատակարարել Ռուսաստանին, և որքանո՞վ են Ռուսաստանում հավաքված սարքերը բաղկացած իրանական բաղադրիչներից։

Անցյալ շաբաթ Իրանը հայտարարեց, որ ընթանում է ռուսական առաջադեմ Սու-35 կործանիչներ և Մի-28 հարվածային ուղղաթիռներ գնելու գործընթաց:

Պուտինը տեղյա՞կ էր Ռաիսիի՝ Մոսկվա սպասվելիք այցի մասին

Հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ, Պուտինը ասել է, որ երբ այս շաբաթվա սկզբին թռել է Իրանի վրայով Պարսից ծոց գնալիս, ցանկացել է վայրէջք կատարել և անձամբ հանդիպել Ռաիսիին։

«Բայց ինձ հայտնեցին, որ Իրանի նախագահն ինքն է պատրաստ թռչել Մոսկվա»,- նշել է ՌԴ նախագահը։

Այս մեկնաբանությունն Իրանում սոցցանցերի որոշ օգտատերերի մոտ կասկած է առաջացրել, որ Պուտինը նախապես չգիտեր Ռաիսիի Ռուսաստան այցի մասին, գրում է BBC-ի մոնիթորինգի ծառայությունը։

Ռաիսին իրեն «հրավիրել է» Ռուսաստան, քանի որ «Իրանը Պուտինի օրակարգում չի եղել», ըստ որոշ շրջանակների:

«Ռուսները, հավանաբար, մտցրել են Ռաիսիին Պուտինի գրաֆիկի վերջում այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետությունը պնդել է հանդիպում անցկացնել»,- հավելել է նա:

Սոցիալական ցանցերի շատ օգտատերեր նաև նշել են, որ Պուտինը Ռաիսիին այնքան ջերմ չի ողջունել, որքան Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առաջնորդներին այս երկրներ կատարած այցի ժամանակ, կարծիք է հայտնել BBC-ի պարսկական ծառայության լրագրող Սորոշ Պակզադը։

Պուտինը փոխադարձ այցով կմեկնի Իրան

Այս շաբաթվա սկզբին Վլադիմիր Պուտինը ռուսական չորս Սու-35Ս կործանիչների ուղեկցությամբ, թռել էր դեպի ԱՄԷ, որտեղ հանդիպել էր շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ։

Այնուհետև նա մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ վարելու թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ՝ այդ երկրի փաստացի կառավարչի։

Պուտինը հանգիստ այցելել էր ԱՄԷ և Սաուդյան Արաբիա, քանի որ վերջիններս չեն ճանաչում Հաագայի Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, որը մարտին Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մեղադրանքով։

Պուտինն ասել է, որ կօգտվի Իրան այցելելու Ռաիսիի հրավերից։ Իրանը նույնպես չի ստորագրել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։

Կիսվել սոց․ ցանցերում